Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դմիտրի Մեդվեդևը հաջողություն է մաղթել Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնում

Դմիտրի Մեդվեդևը հաջողություն է մաղթել Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, իր խոսքում ՌԴ վարչապետը նշել է, որ Տիգրան Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել էր այն ժամանակ, երբ նա ղեկավարում էր Հայաստանի կառավարությունը: «Իսկ հիմա, Դուք ղեկավարում եք մի մարմին, որը համակարգում է այլ կառավարությունների գործունեությունը, իսկ ավելի կոնկրետ՝ մեր Եվրասիական հանձնաժողովը: Առաջին հերթին, ես ցանկանում եմ Ձեզ հաջողություն մաղթել: Դա բարդ, բայց, իմ կարծիքով, նաև հետաքրքիր աշխատանք է, որովհետև այն ուղղված է ինտեգրացիային, լուրջ արդյունքների հասնելուն, որոնք շահավետ կլինեն Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների համար»,- ասել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ իրենց միջև շփումներն առավել հաճախակի կլինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանձնաժողովի գրասենյակը գտնվում է Մոսկվայում, ինչպես նաև այն հանգամանքը, որ լինելու են տարբեր միջոցառումներ, որոնք կազմակերպելու են թե՛ միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, թե երկրների նախագահները: «Եվ, իհարկե, մեզ համար շատ կարևոր է լիարժեք աշխատանք տանել հանձնաժողովի նոր կազմի հետ, որպեսզի կարողանանք լուծել այն խնդիրները, որոնք այս պահին արդիական են: Խոսքը նորմատիվ բազայի կատարելագործման մասին է: Կան շատ փաստաթղթեր, որոնք պետք է կյանքի կոչվեն: Դրանք պետք է համաձայնեցնել: Սա այդքան էլ հեշտ գործ չէ: Կարևոր է նաև ելքեր գտնել տարբեր, այս պահին արդիական դժվարին իրավիճակները հաղթահարելու համար, որոնք առաջանում են Եվրասիական տնտեսական միության համար»,- հավելել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդևը հայտնել է նաև, որ խնդիրներ են առաջացել Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրումներ հարցում: «Դուք գիտեք, մենք խնդիրներ ունենք Ուկրաինայի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելու հարցում: Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել: Այս ամենը ևս մտնում է այն հարցերի մեջ, որոնք մենք պետք է համաձայնեցնենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- ասել է նա:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին ջերմ խոսքերի ու իրեն վստահելու համար: «Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որը դրված է ինձ վրա, գիտակցում եմ մեր երկրների լուրջ սպասումները, որովհետև և՛ մեր երկրների  քաղաքացիները, և՛ բիզնեսը ցանկանում են իրական արդյունքներ տեսնել ինտեգրացիայից: Մենք պետք է ցույց տանք, որ ինտեգրացիան աշխատում է, և դա լրացուցիչ խթան կհանդիսանա ինտեգրացիոն գործընթացների համար: Իհարկե, նաև Ձեր աջակցությունը մեզ մեծապես կօգնի արդյունավետ առաջ շարժվելու համար: Ինձ գոհացնում է Ձեր խոսքը, որ մեր հանդիպումները պարբերական են լինելու: Դա, անկասկած, կօգնի շատ հարցեր լուծել որքան հնարավոր է արագ»,- եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]