1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները չեն մտածի այն լքելու մասին. Սերժ Սարգսյան

Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները չեն մտածի այն լքելու մասին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողներն իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին, այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ իր ելույթում:

«Վստահ եմ, որ բոլորն են այսօր մտածում՝ ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, որ վաղվա օրն այսօրվանից լավը լինի, որ կյանքը բարելավվի, որ մեր երկիրը դառնա ավելի կազմակերպված, ավելի կայուն, ավելի գրավիչ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարազգիների համար: Ինչպե՞ս անել, որ որակյալ կրթությունն ու առողջապահությունը հասու լինեն բոլորին: Ինչպե՞ս անել, որ հայրենասիրությունը երբեք սոսկ խոսք չլինի, ինչպե՞ս անել, որ հայրենիքի հզորացումը յուրաքանչյուրի երջանկության գրավականը լինի: Մեզ չպիտի գոհացնի այն վիճակը, որ այսօր կա Հայաստանում: Մենք պետք է մատնացույց անենք գրեթե բոլոր ոլորտներում քայլ առ քայլ ձեռք բերվող հաջողությունները, բայց միշտ պետք է չբավարարվենք դրանցով: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի Հայաստան, որտեղ ապրողները իրենց երջանիկ կզգան ու չեն մտածի այն լքելու մասին: Այնպիսի Հայաստան, որը դեպի իրեն կձգի օտարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին, ու նրանք հպարտությամբ բոլոր պատեհ առիթներով այլոց մոտ կարտաբերեն «Հայաստան» անունը»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով` արտաքին քաղաքական մարտահրավերները ևս հարկադրում են օր առաջ մտնել մեծ վերելքի ուղի: ՀՀ նախագահն ընդգծել է, որ մեր բոլորի ջանքերը պետք է ուղղել այս խնդրի լուծմանը, մեր բոլորի միտքն ու գիտելիքներն է պետք ծառայեցնել դրան:

«Մենք պարտավոր ենք հասնել սոցիալական համերաշխության երկրի ներսում: Սոցիալական խնդիրները սերտորեն կապված են արդարության հետ, և մենք պարտավոր ենք էապես բարձրացնել հասարակական հարաբերություններում արդարության հաստատման գործընթացի տեմպը: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի հասարակական միջավայր, որտեղ չեն լինի արտոնյալներ, այլ կլինի միասնական ժողովուրդ՝ կարգապահ, օրենքները հարգող, խաղաղություն սիրող, հպարտ: Էլի՞ ենք խոսել այս մասին: Իհարկե, խոսել ենք բազմիցս: Ու դեռ շատ ենք խոսելու: Մեզ հաջորդողներն էլ են խոսելու այս մասին, նրանց հաջորդողներն էլ: Սա չի նշանակում, որ առաջընթաց չկա, իհարկե՛ կա, արդար աչքը շատ բան կտեսնի, բայց կրկնում եմ՝ նոր արագություն է պետք հաղորդել այս ուղիով մեր ընթացքին»,- շեշտել է Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի խոսքով` մենք չպիտի բավարարվենք միայն Հայաստանի ներքին խնդիրների կարգավորմամբ:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները հարկադրում են միավորել աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապահովելու համար մեր ժողովրդի անվտանգ գոյությունը և տեղն աշխարհում: Այդ տեսանկյունից, Սերժ Սարգսյանի խոսքով, ուղղակի անհրաժեշտություն է, որ Հայաստանը լինի բոլոր առումներով կարգավորված պետություն և հանդիսանա միացյալ հայությանը դեպի իրեն ձգող, գրավիչ, հույսեր ներշնչող օրրան:

«Մենք երկու գլխավոր արժեք ունենք՝ հայ ժողովուրդը և Հայաստանը: Դրանք պիտի վեր լինեն մեր բոլոր մյուս արժեքներից: Եվ մեր բոլոր քայլերը, որոշումներն ու վարքն ամբողջությամբ պիտի բխեն այս երկու արժեքներից: Սա՛ են պահանջում Հայաստանի շահը և ապագան: Սա՛ են պատգամել մեր նախնիները: Ու մեզնից յուրաքանչյուրի վարքը չափվում է հենց այս արժեքներով. եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, կոգևորի մեր ժողովրդին, արժանի է դրվատանքի, հակառակը՝ պարսավանքի:

Տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով՝ մենք ուղղակի հարկադրված ենք ունենալ ուժեղ, ոտքի վրա ամուր կանգնել կարողացող, իր ուժերին վստահ պետություն, որտեղ բոլորը, եթե կարիքը լինի, պատրաստ լինեն դառնալ հայրենիքի զինվոր»,- ասել է ՀՀ նախագահը:

ՀՀ առաջնորդը շեշտել է, որ Սահմանադրական փոփոխությունները հերթական՝ այս կամ այն կառույցի կողմից պարտադրված կամ որևէ կառույցի անդամագրվելով պայմանավորված կամ էլ ինչ-որ մասնավոր հարցեր լուծելուն միտված փոփոխություններ չեն: Դրանք, Սերժ Սարգսյանի դիտարկմամբ, մեր առջև ծառացած մարտահրավերներ են, մեր քաղաքական կյանքը, մեր իրականության խնդիրները հաշվի առնող ու դրանց հաղթահարելուն ուղղված միջոց են: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում Սահմանադրությունը դառնալու է ազգային համաձայնության փաստաթուղթ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]