Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Շիրակի թեմի առաջնորդն այսուհետ կղեկավարի նաև «Գյումրին առանց տնակների» ծրագրի կառավարման խորհուրդը

Շիրակի թեմի առաջնորդն այսուհետ կղեկավարի նաև «Գյումրին առանց տնակների» ծրագրի կառավարման խորհուրդը

ԳՅՈՒՄՐԻ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի  կառավարման  խորհրդի նախագահ ընտրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Գյումրին տնակներից ազատելու նպատակն ունեցող ծրագիրը, որը մեկնարկել է 2015 թվականի նոյեմբերին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ, արդեն ունի իր հաստատված կանոնադրությունը, ստեղծվել է հիմնադրամ, իսկ փետրվարի 11-ին կայացավ հիմնադրամի կառավարման խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի ժամանակ խորհրդի անդամները միաձայն կառավարման  խորհրդի նախագահ ընտրեցին Շիրակի թեմի առաջնորդին, ով, շնորհակալություն հայտնելով վստահության համար, նշեց, որ հոգաբարձուն պետք է լինի հոգսը կրող և անպայման աշխատի հօգուտ նախաձեռնության: «Նախաձեռնությունը ուշ է, բայց ոչ ուշացած: Վաղուց կարելի էր սա անել, այնուամենայնիվ, «լավ է ուշ, քան երբեք» սկզբունքով կարելի է գործը սկսել»,-իր խոսքում նշեց սրբազանը` հավելելով, որ կան քայլերի առաջնահերթությունը և որոշակի թվեր ճշտելու խնդիրներ, որից հետո նոր պետք է որոշվի հիմնադրամի անելիքը:

Նիստի ժամանակ Սամվել Բալասանյանը, նախ ներկայացնելով իրականացվելիք քայլերը, նշեց, որ խնդիրը 3520 տնակի մասին է: «Տարիների  ընթացքում տնակներում բնակվող մեր համաքաղաքացիները կարողացել են քարապատել իրենց տնակները կամ դրանց տեղում քարաշեն կառույցներ ստեղծել, մի մասն էլ գտնվում է կանաչ գոտիներում, որոնք վաղուց արդեն կանաչ գոտի չեն համարվում: Այս գործընթացը արդեն սկսված է: Այս տնակների թիվը կազմում է մոտ 200: Կիսաքարաշեն տնակների բնակիչները, եթե ունեն կառույցը սեփականաշնորհելու և տարիների ընթացքում ամբողջությամբ քարաշեն դարձնելու ցանկություն, առաջարկայության դեպքում կստեղծենք իրավանորմատիվայի հիմք` այն սեփականաշնորհելու համար: Սրա համար անհրաժեշտ է  մեր պատգամավորների ակտիվ աշխատանքը, քանի որ օրենքով համայնքի ղեկավարը և ավագանին ներկայումս չունեն այս իրավասությունը:  Այս ճանապարհով մենք կլուծենք ևս 300 ընտանիքի հարց: Սակայն  այս ամենը գործի ընդամենը մեկ քառորդն  է,  տնակների գերակշիռ մասը այլևս պիտանի չէ բնակության համար:

Իմ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տնակների բնակիչների մոտ 40 տոկոսը կարող են և պատրաստ են բնակարան գնել հիպոթեքով,  սակայն կա երկու էական խանգարող հանգամանք՝ սկզբնական մուծումը և՝ եկամուտների մասին տեղեկանքը: Հաշվի առնելով այն, որ մեր համաքաղաքացիների մեծ մասը աշխատում է  արտերկրում՝ մեզ անհրաժեշտ տնակների բնակիչների համար ստեղծել առանց տոկոսների, երկարաժամկետ՝ 10-15 տարի ժամկետով, առանց նախնական մուծումների և առանց եկամուտների մասին տեղեկանքի հիպոթեքային ծրագիր»,-նշեց Սամվել Բալասանյանը:

Խոսելով  ծրագիրը կառավարման  խորհրդի  դերի մասին` Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ բաց ու թափանցիկ գործելուց բացի, այն պետք  է լինի շատ ակտիվ ու նպատակային կառույց: «Հիմնադրամի սկզբնական գումարն ապահովելու համար պետք է դիմել մեր համաքաղաքացիներին և հայրենակիցներին՝ Հայաստանում և Սփյուռքում, հատկացումներ անել քաղաքային բյուջեից: Հիմնադրամը պետք է իրականացնի դրամահավաք-մարաթոններ« կազմակերպի բարեգործական ներկայացումներ, համերգներ, ցուցահանդես-վաճառքներ, աշխատի բարեգործների հետ: Լավ մեկնարկի համար ինքս պատրաստ եմ բնակարան նվիրել տնակում բնակվող բազմազավակ մեկ ընտանիքի,  ինչպես նաև, որպես քաղաքապետ, Հիմնադրամին տալ ամբողջ աշխատավարձս և նվիրատվություններ անել ընտանիքիս պատկանող բիզնեսից: Հուսով եմ,  որ այդպես կվարվեն նաև մեր պաշտոնյաների և պատգամավորների մեծամասնությունը`  որպես լավ օրինակ»,-ավելացրեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ