Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման 
հարցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի հանձնառությունը սիրիացի փախստականների ընդունման հարցում: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշանակալի է համարում, որ եվրոպական երկրների շարքում Հայաստանը երրորդն է` ամենամեծ թվով սիրիացի փախստականներ ընդունելու ցուցանիշով: «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացմանը դեսպանը նշեց, որ ուրախալի է` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել: «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը: Ինչպես ցույց են տալիս ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարների տվյալները, տեղահան եղած մարդկանց թիվը կրկնապատկվել է: Կրկնապատկումը պայմանավորված է Սիրիայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններով: Եղել են նաև լուսավոր պահեր, դրանցից մեկն այն էր, թե ինչպես Հայաստանը և երկրի կառավարությունը գրկաբաց ընդունեց սիրիացիներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ռիչարդ Միլսը:

ԱՄՆ դեսպանի խոսքով` սիրիացիներին Հայաստանում գրկաբաց են ընդունել շնորհիվ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և նրա ղեկավարած նախարարության: «Վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարությունն ամբողջ աշխարհում 6 միլիարդ է հատկացրել փախստականներին աջակցելուն: Մենք աջակցել ենք նաև այս ծրագրին»,-շեշտեց դեսպանը:

Փախստականների համար նախատեսված «Ջուլիա Թաֆթ» հիմնադրամի շրջանակում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ համալրված ու բարելավված «Արևիկ-Հայաստան» մտավոր և ֆիզիկական հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց կենտրոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ փետրվարի 2-ին: Իրադարձությանը մասնակցեց նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սիրիական համայնքը սիրական ճգնաժամի պատճառով գնալով նվաղեց. այն հզոր, ուժեղ, հայաշունչ համայնքը քչացավ: Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որոշեցին գալ Հայաստան, և իրենց ներկայությամբ գեղեցկացնել հայրենիքը: Սիրիահայերը նոր մշակույթ բերեցին իրենց հետ. ավելի համեստ, բարի, կազմակերպված հայեր աշխարհում չեմ տեսել: Ձեր գործունեությամբ դուք նաև օրինակ եք հայաստանցիների համար»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին, որոնք օգնում են 16-17 հազար սիրիահայերի խնդիրները լուծելու հարցում: «ԱՄՆ-ը մեր անկախությունից հետո եղել է մեզ հետ, մեր կողքին, շատ ու շատ հարցերում մեզ օգնել է»,-շեշտեց նա:

Արարողությանը ներկաներին ողջունեցին կենտրոնի սաները: «Արևիկ-Հայաստան» կենտրոնի համալրումը անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, ինչպես նաև կենտրոնում համարժեք հարմարությունների ստեղծումը, պայմանների բարելավումը հնարավոր է դարձել Ջուլիա Թաֆթ հիմնադրամի շրջանակում իրականացվող «Ավելի լավ պայմաններ հաշմանդամության խնդիրներով սիրիահայ անձանց համար» ծրագրի շնորհիվ, որը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և ավարտվել 2016-ի հունվարի 31-ին:

Ծրագրի նպատակն էր հաշմանդամության խնդիրներով բոլոր անձանց հնարավորություն ընձեռել օգտվելու համարժեք հարմարություններից և համապատասխան օժանդակությունից, ստանալ հատուկ խնամք, ֆիզիկական և մտավոր զարգացման համար անհրաժեշտ կրթություն:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից հետո երկիրը լքած սիրիացի փախստականները եվրոպական երկրներից ամենաշատը ներգաղթել են Գերմանիա, Շվեդիա և Հայաստան. ցուցակը 2015թ. սեպտեմբերին կազմել էր The Economist-ը: Եվրոպական երկրների եռյակին հաջորդել են Նիդերլանդները, Բուլղարիան, Դանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը և Ֆրանսիան: Սիրիայի հարևաններից ամենամեծ թվով փախստականների ընդունել է Թուրքիան` 1 միլիոն 558 հազար, այնուհետև Լիբանանը` 1 միլիոն 147 հազար, Հորդանանը` 623 հազար և Իրաքը` 234 հազար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]