Երևանյան բեսթսելեր 3/47. «Մարսյան քրոնիկոնը» վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Արեգ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը երկրորդ հորիզոնականում է: Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շահրեզադե, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...
Բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը», երրորդ հորիզոնականում է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:
Չորրորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Հինգերորդ հորիզոնականում է ամերիկացի հռչակավոր գրող Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը», որը հեղինակը հումորով կոչել է «վեպ ձևացող պատմվածաշար», համարվում է 20-րդ դարի լավագույն գրքերից մեկը: «Կարմիր մոլորակի» նվաճման այս ֆանտաստիկ տարեգրության մեջ, ինչպես նկատել է աստղագետ Կարլ Սագանը, «Մարսը յուրատեսակ առասպելական ասպարեզ է, որտեղ մարմնավորվել են մեր երկրային հույսերն ու երկյուղները»:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» վեցերորդն է: Այն հեղինակի ամենահայտնի վեպն է, որը խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Վարկանիշային աղյուսակում յոթերորդը Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավորը» 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդ հորիզոնականում է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Դեն Բրաունի «Ինֆեռնոն» իններորդ հորիզոնականում է: Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյոք զո՞ւր են ջանքերը... Վեպում անդադար փախուստ է և որոնում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Գրիգի «Հիսուսի կատուն» եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Արեգ | 10/9 | |
2 | * |
Բլաժե Մինևսկի «Նշան» |
Անտարես | 8 | |
3 | * |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Անտարես | 8 | |
4 | +2 |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 7 | |
5 | նոր |
Ռեյ Բրեդբըրի «Մարսյան քրոնիկոնը» |
Անտարես | 7 | |
6 | -2 |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 6 | |
7 | * |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 6 | |
8 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 6 | |
9 | * |
Դեն Բրաուն «Ինֆեռնո» |
Զանգակ | 6 | |
10 | -1 |
Գրիգ «Հիսուսի կատուն» |
Անտարես | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում