Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անվերադարձ արտագաղթած կարոտներ. Դավիթ Սամվելյանի նոր ժողովածուն կներկայացվի ընթերցողներին

Անվերադարձ արտագաղթած կարոտներ. Դավիթ Սամվելյանի նոր ժողովածուն կներկայացվի 
ընթերցողներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, արձակագիր Դավիթ Սամվելյանին հետաքրքրում է մարդկային ներաշխարհը: Նրա երրորդ` «Արտագաղթած կարոտ» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածուն հաշված օրեր անց` հունվարի 31-ին կներկայացվի ընթերցողների դատին:

«Կարոտն անձնավորված բառ է, ոչ թե զգացողություն, զուգորդվում է կոնկրետ անձնավորության հետ: Պատմվածքներից մեկի անունն է, մրցույթի համար էի գրել, չնայած միշտ խուսափում եմ մրցույթներից, գիտեմ, որ դրանցում այլ սկզբունքներ են գործում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրողը:

«Գիրքը նվիրվում է այն կարոտներին, որոնք արտագաղթել են հավերժորեն` անվերադարձ»,-նշված է նոր ժողովածուի նկարագրության մեջ: Գիրքը տպագրել է «Խաչարամ»-ը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Երեք ժողովածուների հեղինակը գրում է մարդկային հարաբերությունների, մարդու ներաշխարհի, ապրումների, հույզերի, ներքին մղումների մասին։ Նրա ստեղծագործությունների կիզակետում մարդն է։

«Առաջին լուրջ գործը, որ գրել եմ «Լուսե երազ» բանաստեղծությունն էր, համալսարանում էի գրել, 2004-ին ԵՊՀ թերթում տպագրվեց: Հետո առաջին` «Լուսե երազ» բանաստեղծությունների ժողովածուն 2010 թվականին լույս տեսավ: Շատ լավ ընկերներ ունեմ, որոնք անշահախնդիր օգնում են. երրորդ գիրքն է լույս տեսնելու, և մինչև հիմա ընկերներս են ինձ օգնում: «Լուսե երազ» բանաստեղծությունների ժողովածուն շատ փոքր է, մոտ 37 էջ է: Իմ առաջին քայլերն էին: Ժամանակ եկավ, ու զգացի, որ բանաստեղծությունը շատ նեղ է. այն, ինչ ուզում ես ասես, չի տեղավորվում այդ հանգավորված տողերի մեջ: Հետո ստեղծվեց մի ժանր, որը արձակ բանաստեղծություն է համարվում: Բայց իմ կարծիքով, ոչ թե արձակ բանաստեղծություն է, այլ արձակած բանաստեղծություն»,-շեշտում է նա:

2014-ին լույս տասավ Դավիթ Սամվելյանի «Նա և Նրա» արձակ բանաստեղծությունների և նովելների ժողովածուն, որի հասույթը հեղինակն ուղղեց բարեգործության: «Ժողովածուների համար վերնագիր եմ ընտրում հետևյալ սկզբունքով. այն, ինչը կենտրոնական եմ համարում` պատմվածք, էսսե և այլն, աշխատում եմ հենց դրա վերնագիրը վերցնել:  «Նա և Նրա» ժողովածուն 2010 թվականից սկսել է գրվել, հիմքը «Նա և Նրա» պատմվածքն է: Ես չեմ գրում այնպիսի բաներ, որ բոլորն են գրում: Խուսափել եմ անուն տալուց ստեղծագործություններում: Ի~նչ կապ ունի, անունները փոխվում են, բայց բոլորը դերանուն են, իրենց դերն ունեն և իրենց դերն են խաղում»,-հավելեց նա:

«Նա և Նրա»-ն իր մեջ ներառում է 80 արձակ բանաստեղծություն, էսսե և նամակագրության ոճին պատկանող գրվածքներ, որոնք հատվածաբար տեղ են գտել նաև հեղինակի բլոգում։

Դավիթ Սամվելյանը խոստովանում է` աշխատում է խորությամբ քիչ կարդալ:

«Պարադոքսալ կհնչի, բայց աշխատում եմ խորությամբ քիչ բան կարդալ, ինչքան էլ մարդ իր ոճն ունենա, նրա մեջ նստվածք տալիս է այն, ինչ նա կարդում է: Ես չեմ ուզում ազդեցության տակ ստեղծագործել: Վերջերս Կունդերա էի կարդում` «Կեցության անտանելի թեթևությունը», շատ հավանեցի: Ժամանակին Յանուշ Լեոն Վիշնևսկի էի կարդում, «Մենությունը ցանցում». դեռ հայերեն չկար, մի քանի տարի անցավ և Հայաստանում սկսեցին կարդալ: Կարծում եմ, որ նա ավելի ուժեղ է պատմվածքների ժանրում»,-հավելեց նա:

Հեղինակը փաստում է` գիրքը տպագրության է տանում ամբողջովին պատրաստ վիճակում:  «Երբ հրատարակչություն եմ տանում գիրքը, նրանց վրա գործ չեմ թողնում, տեքստը խմբագրված է, շարվածքն արված է, ինչպես հարկն է, մնում է կարդան և տպագրեն: Անգամ շապիկն եմ ձևավորված լինում»:  

Դավիթ Սամվելյանը շեշտում է` պահ է գալիս, երբ չի կարողանում ստեղծագործել: «Հիմա մի քիչ տարածված բան կա, ասում են` ամեն ինչ կարող է մարդու համար գրելու շարժառիթ լինել: Բայց իմ դեպքում այդպես չէ»,-հավելեց նա:

Դավիթ Սամվելյանը ծնվել է 1983 թվականին: Սովորելէ  ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում։ Աշխատել է Արարատյան թեմում, Սաղմոսավան գյուղի դպրոցում, Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում և այլն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]