Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.01.2016

Սպասվող լրահոս. 27.01.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկված երկու հակահայկական բանաձևերից մեկին պատգամավորները դեմ քվեարկեցին, մյուսին` կողմ: Ձմեռային նստաշրջանի քննարկումներին ու քվեարկության արդյունքներին այսօր` հունվարի 27-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում  հրավիրված ասուլիսին անդրադառնալու է «Եվրոպական ինտեգրացիա»  հասարակական կազմակերպության նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը:

2016թ. հունվարի 1-ին Գերմանիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը:  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը կներկայացնեն ԵԱՀԿ գերմանական նախագահության գերակայությունները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողություններն ու 2016 թվականի ակնկալիքները. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կանդրադառնա այս թեմային: Նա նաև կներկայացնի միության սպասվող ծրագրերը՝ «Դիջիթեք բիզնես ֆորում», «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի ամփոփում և այլն:

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները: Այսօր վիճակագրությունը կվերլուծի տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը, ինչպես նաև կանդրադառնա տնտեսական մարտահրավերներին:

Ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը 2015 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվով. Թրանսփարենսի Ինթերնեյշնլը հրապաակել է նոր զեկույց: Մանրամասները կներկայացնի «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Այսօր պարզ կլինի թե հայաստանյան որ բուհերն ունեն բարձր վարկանիշ: Մասնագետները կամփոփեն ՀՀ բուհերի վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները: Ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Դրամաշնորհների տրամադրում` մի խումբ գիտնականների: Այսօր սպասվում է 2000 թվականից ՀՕՖ-ի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը: 32 խմբում ընդգրկված հայաստանցի 107 գիտնականներ դրամաշնորհներ կստանան Հայ օգնության ֆոնդից կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսատեխնոլոգիայի, աստղագիտության եւ այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Այսօր Հայաստանում Հրեական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն էլ, փիլ.գիտ.դոկտոր Վիլ Պողոսյանի հետ կխոսեն «Հոլոքոստ և Հայոց ցեղասպանություն. զուգահեռներ երկու ցեղասպանությունների միջև» թեմային շուրջ:

Անցնենք մշակութային թեմաներին: Այսօր սպասվում է համերգ՝ իտալացի ակորդիոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի, կիթառահար Լուկա Լուչինիի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am