Երևանյան բեսթսելեր 3/45. «Դանդաղ վերադարձ տուն» գիրքը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը»: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, սակայն այն գեղարվեստորեն բացահայտում է կին և գրականություն առնչությունները՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:
Երկրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երրորդ հորիզոնականում է:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
«ՄՀՄ», «Գասպրինտ» հրատարակչությունների լույս ընծայած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն հինգերորդն է:
Վեցերորդ տեղում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները՝ «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը և «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակները:
Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը ութերորդ տեղում է: Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շեհերազադա, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով...
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն իններորդ հորիզոնականում է:
Տասներորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | նոր |
Վիրջինիա Վուլֆ «Սեփական սենյակը» |
Դարակ | 82 | |
2 | -1 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 32 | |
3 | +1 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 14 | |
4 | +4 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 14 | |
5 | +4 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Գասպրինտ/ՄՀՄ | 12/10 | |
6 | -3 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Բուկինիստ/Էդիթ Պրինտ | 10 | |
7 | նոր |
Պետեր Հանդկե «Դանդաղ վերադարձ տուն» |
Անտարես | 8 | |
8 | նոր |
Բլաժե Մինևսկի «Նշան» |
Անտարես | 8 | |
9 | * |
Ֆյոդոր Դոստոևսկի «Պատմվածքներ» |
Բուկինիստ | 7 | |
10 | * |
Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» |
Անտարես | 7 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում