Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ադրբեջանական գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի աճյունն ամփոփվեց հայրենի Գեղարքունիք գյուղում

Ադրբեջանական գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի աճյունն ամփոփվեց հայրենի 
Գեղարքունիք գյուղում

ԳԱՎԱՌ, 12ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի դիպուկահարի կրակոցից հունվարի 9-ին մարտական  դիրքերում զոհված Հայոց բանակի ժամկետային զինծառայող, շարքային Արամայիս Ոսկանյանի մարմինը զինվորական կարգով հողին հանձնվեց հայրենի Գեղարքունիք գյուղի գերեզմանոցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերոսի աճյունը հունվարի 11-ին տեղափոխվեց Գավառ քաղաք, որտեղ իրենց բնակարանում հերոսին վերջին հրաժեշտը տվեցին նրա հարազատները, ընկերները, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, հերոսի ծնողների մտերիմներ:

Արամայիս Ոսկանյանի ծնողներին այցելեցին եւ ԼՂՀ Նախագահ  Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայության համար» պարգեւը հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հունվարի 12-ի կեսօրին հերոսի հուղարկավորության բազմահազարանոց թափորը Գավառ քաղաքից ուղղվեց դեպի Արամայիսի հայրենի Գեղարքունիք գյուղի գերեզմանոց: Հերոսին հողին հանձնեցին զինվորական նվագախմբով, ծափերով, կրակային համազարկերով: Արամայիսի թաղումը վերածվեց համազգային պայքարի ոգեկոչման արարողության: «Հազար ափսոս մեր ջահելներին, այս չարքաշ ընտաիքին: Սգում է ողջ հանրապետությունը, Գեղարքունիքի մարզը, Գավառ քաղաքը, մեր գյուղը: Մենք պիտի լինենք ավելի ուժեղ, ավելի տոկուն, որ թշնամին մեզնից նոր զոհեր չխլի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիք գյուղի բնակիչ Հակոբ Վարդանյանը:

«Թող ողջ Գեղարքունիք գյուղի, Գավառ քաղաքի մարդիկ իմանան, որ ես հերոս որդի եմ ճանապարհում հավերժություն, Հայաստանի ու Արցախի սահմանները թուրքից անառիկ պահող որդի: Ես նրան ճանապարհում եմ պարզ ճակատով, հպարտորեն: Սեյրան Օհանյանը եկավ, որդուս հերոսի կոչման պարգեւը տվեց. բարով գնաս ու հերոս գնաս, իմ քաջ որդի»,-ողբի արցունքների միջից հրաժեշտի խոսք հնչեցրեց զոհվածի մայր Անուշ Ոսկանյանը:

«Արամայիսը հերոսացավ հանուն մի նպատակի` մայր հողը պաշտպանելու եւ չպարտվելու: Թող չթվա, թե թշնամին ուժեղ է մեզնից առավել: Ավելին, ուժեղը մեր հերոսն է, ով պատվով էր իրականացնում մարտական ծառայությունը, սիրված ու հարգված էր բոլորիս կողմից: Սառնասրտորեն նայելով մահվան աչքերին ` նա գնաց հերոսացման: Արամայիսը, որ ընդամենը 19 տարի ապրեց, սոսկ հասարակ, շարքային զինվոր չէր, այլ հերոս մարտիկ, ով հակառակորդի գնդակից ընկավ քաջի մահով: Հարգելի տիկին Անուշ, հարազատներ ու հայրենակիցներ, փարատվեք այնքանով, որ Արամայիսը վերադարձել է հաղթանակած»,-իր դամբանական խոսքում նշեց ԼՂՀ ՊԲ զորամասի շտաբի պետ Գոռ Իշխանյանը: Շտաբի պետն ընթերցեց նաեւ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը` մարտական առաջադրանքը կատարելիս հայրենիքի համար զոհված Արամայիս Ոսկանյանին «Մարտական ծառայության համար» մեդալով պարգեւատրելու մասին:

Արամայիս Ոսկանյանը երեք քույրերի եղբայր էր, ծնողների միակ արու զավակը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]