Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախցի երգիչը «Գրան Պրի»-ի է արժանացել միջազգային մրցույթում

Արցախցի երգիչը «Գրան Պրի»-ի է արժանացել միջազգային մրցույթում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արմատներով հադրութցի բարիտոն Սար Սարգսյանն Իսպանիայի Լլորետ դե Մար ծովափնյա քաղաքում մասնակցել է «Gran Fiesta» միջազգային արվեստի մրցույթին և նվաճել հերթական «Գրան Պրի»-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սար Սարգսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ միջազգային արվեստի մրցույթը կազմակերպել էր «Fiestalonia Milenio» միջազգային կազմակերպությունը:

«Տարբեր երկրների շուրջ 100 ներկայացուցիչների հետ մասնակցելով երկու՝ «Folk vocal» և «Pop Vocal» անվանակարգերում՝ արժանացել եմ երկու մրցանակի։ «Folk vocal»-ում, կատարելով «Ղարաբաղի հորովել» երգը, արժանացել եմ առաջին մրցանակի, իսկ «Pop Vocal»-ում՝ Falvo «Dicitencellovuje» երգով՝ «Գրան Պրի»-ի»,-ասել է Սար Սարգսյանը և ընդգծել, որ իր համար դա մեծ հպարտություն է, քանի որ մրցույթին մասնակցում էր Ադրբեջանից եկած մեծ պատվիրակություն: «Իմ՝ արցախցի երգչիս  հաղթանակով հայոց եռագույնի ծածանումը  մեծ  խորհուրդ  ունի»,-հպարտությամբ խոսքն ավարտել է Սար Սարգսյանը:

Նրա խոսքով, չնայած իր հաղթանակի պահին Ադրբեջանի ներկայացուցիչները շատ լարված ու նյարդային վիճակում են եղել, որևէ տհաճ միջադեպ չի գրանցվել:

Մրցույթին Սար Սարգսյանին ներկայացրել է կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան (WAPA)՝ նախագահ Արման Ղուկասյանի գլխավորությամբ։ Անցած տարի արցախցի երգիչը Բուլղարիայում և Խորվաթիայում կայացած միջազգային մրցույթներում արժանացել է 2 «Գրան Պրի» մրցանակի, Իտալիայում և Խորվաթիայում երկուական անվանակարգերում՝ 4 ոսկե մեդալի և Լիտվիայում՝ «Լավագույն դասական երգիչ» անվանակարգի։

Սար Սարգսյանը ծնվել է 1981 թվականին Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունն ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժինը, իսկ 2007-ին՝ Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի նույն բաժինը: «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր Սար Սարգսյանը 2008-ին էլ ավարտել է Երևանի պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան:

Արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրերի՝ «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոններին մասնակցելու համար: Որպես մենակատար՝ համագործակցել է Շուշիի «Վարանդա», Արցախի պետական «Մռակած» կամերային և «Վարարակն» ակադեմիական երգչախմբերի, ինչպես նաև, Արցախի կամերային նվագախմբի հետ:

Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում: Երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ, արցախցի երաժիշտը համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադայի ժանրում: 2012թ. լույս է տեսել Սար Սարգսյանի «Կարոտ» անդրանիկ ձայնասկավառակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]