Կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցները հիշեցնում են Հռոմի պապի` Հայաստան հնարավոր այցի մասին
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցները հիշեցնում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի`2016 թվականին Հայաստան հնարավոր այցի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`worldreligionnews.com-ը ներկայացրել է, թե 2016 թվականին ուր կայցելի Հռոմի պապը, այդ թվում` հավանական համարելով նրա այցը Հայաստան:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին Հայաստան այցի մասին ամիսներ առաջ խոսել է նաև Հռոմի պապը: Նա հույս ունի այցելել Հայաստան, սակայն նշել է, որ արդեն ծեր է, իսկ ճանապարհորդությունները` հագեցած:
Կայքը հիշեցնում է, որ 2016 թվականին Հռոմի պապը մտադիր է այցեր կատարել Լեհաստան, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Արգենտինա, Չիլի և Ուրուգվայ։ Պապը հաստատել է, որ 2016 թվականի առաջին կեսին կայցելի Մեքսիկա։
Աշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավելի վաղ հույս էր հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան: Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան: Chicago Tribune-ը, ներկայացնելով այլ մանրամասներ ինքնաթիռում լրագրողների հետ Հռոմի պապի զրույցից, մեջբերել է Ֆրանցիսկոսի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար որևէ հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում