1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տագնապից ծնվող գրականություն. Գրիգի «Նորամուտ»-ը

Տագնապից ծնվող գրականություն. Գրիգի «Նորամուտ»-ը

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող Գրիգը խոստովանում է` իր գրականությունը ծնվում է տագնապից: Հեղինակը փաստում է`չգիտի, թե ինչու է այդպես, սակայն երբևէ չի կարողացել ստեղծել իր բնորոշմամբ «հաճույքից ծնված գրականություն»: Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն վերջերս է հայտնվել գրախանութներում և գրեթե ամեն շաբաթ հայտնվում է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագծի վարկանիշային աղյուսակում: Գրողին բացահայտելու նպատակով «Արմենպրես»-ը ներկայացնում է Գրիգի «Նորամուտ»-ը:

Ազգանուն չեմ ունեցել…

Ծնվել եմ Երևանում 1991 թվականին, նկարչի ընտանիքում: Հայրս և մայրս Ջավախքից են: Սովորում եմ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Ազգանունս չեմ ասում, ես Գրիգն եմ: Ոչ թե չեմ սիրում, ուղղակի ինձ միշտ դիմել են Գրիգ: Եվ ես, կարելի է ասել, ազգանուն չեմ ունեցել, նույնիսկ դպրոցում բոլորը Գրիգ էին ասում: Համալսարանում էլ ես Գրիգն եմ:

Պատահական ոչինչ չի լինում

Ես հավատում եմ, որ պատահական ոչինչ չի լինում: Իմ հայտնվելը Հայ բանասիրության ֆակուլտետում ու առհասարակ իմ կյանքում պատահած ամեն ինչ ես ընդունում եմ որպես որոշակի նշաններ: Չեմ ցանկացել բանասեր դառնալ: Երեխաները միշտ հստակ պատկերացումներ ունեն. բժիշկ են դառնալու կամ այլ մասնագիտություն են ընտրելու: Շատ պատահական ստացվեց: Կարող էի նաև ուրիշ մասնագիտություն ընտրել: Բայց ես սիրում էի գիրք կարդալ:

Գիրք կարդալ-չկարդալու մասին

Հնացած խոսք է, թե այսօր գիրք չեն կարդում: Հարցն այսպիսին է` ո՞ր երկրի հետ ենք համեմատում: Եթե համեմատում ենք Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի հետ, մեզ մոտ քիչ են կարդում: Բայց այլ հարց է` արդյո՞ք երիտասարդներն են քիչ կարդում: Այդպես չէ: Ես աշխատում եմ գրախանութում, և գիրք գնողների հիմնական մասը 16-30 տարեկան մարդիկ են: Նախկինում եղել է գիրք գնելու մշակույթ, որն այսօր չկա:

Գրող լինե՞լ, թե՞ չլինել

Իմ առաջ գրող լինելու խնդիր չկար, ցանկություն էլ չունեի: Խնդիրը մեկն էր` արձանագրել որոշ բաներ: Նույնիսկ առաջին ստեղծագործություններն ընդամենը մեկ նպատակ ունեին` թղթի սահմաններում պահել մարդկանց, որոնց ես վախենում էի ջնջել իմ հիշողություններից: Եթե խոսենք «Հիսուսի կատուն» գրքի մասին, այստեղ ամփոփված են մարդիկ են, որոնց 90 տոկոսը չկա այս աշխարհում: Պատահում է, որ մենք չենք հասցնում լուսանկարվել մեզ հարազատ մարդու հետ, բայց շատ կցանկանայինք հիշողություն ունենալ: Ես այդ մարդկանց հետ չեմ հասցրել լուսանկարվել: Նրանց պահելու միակ ճանապարհը նրանց մասին գրելն է:

Ես իմ մուտքը կապում եմ «Գրեթերթ»-ի հետ…

«Գրեթերթ»-ն ամեն տարի լավագույն պատմվածք է ընտրում, երեք տարի անընդմեջ որպես լավագույն իմ պատմվածքներն է ընտրել: Ես իմ մուտքը կապում եմ «Գրեթերթ»-ի հետ, որովհետև առաջինը, ով նկատեց ինձ, Գուրգեն Խանջյանն էր, թերթի գլխավոր խմբագիրը: Ես հույս չունեի, թե ընդհանրապես ինձ կտպագրեն կամ նույնիսկ չէի մտածում, որ տպագրության արժանի ինչ-որ բան եմ գրել:

Գուրգեն Խանջյանի հետ հանդիպումը շատ զարմանալի ազդեցություն ունեցավ ինձ վրա: Ես հասկացա, որ մեկ մարդը շատ բան կարող է փոխել, մեկ մարդը կարող է քեզ այն աստիճան ոգևորել, որ ի վերջո գիրք ստացվի: Այս գիրքը, որ կա, մեծամասամբ և ամբողջությամբ իմ և Գուրգեն Խանջյանի հանդիպման արդյունքն է:

Հիսուսի կատուն

Գրքի առաջին հատվածը բացառապես Երևանի մասին է, հատկապես` Երևանում ապրող անտուն մարդկանց մասին: Այս երևույթն անհայտ պատճառներով հանգիստ չի տալիս ինձ: Ես ցավով եմ արձանագրում, որ Երևանում կան անտուններ:

Մյուս կողմից` ես հասկանում եմ, որ անտուն մարդիկ դուրս են սոցիումից, ի վերջո սոցիումի պարտադրող կապանքներից դուրս են եկել: Գրքի երկրորդ հատվածը Գերմանիայի մասին է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից բուժվելու են եկել: Այդ երեխաների կերպարները ևս պատահական չեն: Իմ համոզմամբ` անտուն մարդիկ և երեխաները դուրս են սոցիումից, սոցիումը չունի ազդեցություն նրանց վրա: Մենք բոլորս էլ զգում ենք դրա ազդեցությունը, մեր կյանքով չենք ապրում, մեր ուզած ձևով չենք շարժվում: Սոցիումը մեզ պարտադրում է, ստիպում:

Երկու խավը հետաքրքիր է շատ: Սոցիումը ոչ մի ազդեցություն չունի նրանց վրա: Երեխան դեռ չի ընդգրկվել սոցիումի մեջ, իսկ անտունը դուրս է եկել այնտեղից:

…Առաջին հայացքից գրքի վերնագիրն այնպիսին է, որ թվում է, թե գուցե ֆանտաստիկ, գերբնական բան է գրված: Իրականում այնպիսի պատմություն է, որ շատ հավանական է, թե հենց ձեր դպրոցում, ձեր դասընկերոջ հետ պատահած լինի: Հերոսն իր դասարանում մի տղա ունի, որը տարբերվում է մյուսներից, ասում են` խնդիրներ ունի: Դասղեկը հորդորում է չնկատել նրան: Հանկարծ այդ տղան մի օր դպրոց է գալիս` պայուսակում կատու, և ասում, որ սա սովորական կատու չէ, Հիսուսի կատուն է, որովհետև կարողանում է ջրի վրայով քայլել: Մյուս երեխաները, որոնք պատրաստվում են մուտք գործել սոցիում, մտածում են, թե հրաշք չի կարող լինել և ջրի վրայով քայլող կատու չկա:

Դեպքի ականատես

Բոլոր պատմվածներում իմ հերոսն ականատես է լինում մի մեղքի, որը ինքը չի կատարել, բայց ներկա է: Երբ մենք դուրս ենք գալիս, շրջում Երևանով, բոլոր անտուն մարդկանց տեսնելիս մասնակից ենք լինում նրանց ցավին, անցնում ենք նրանց կողքով, բայց մենք մեզ հետ ինչ-որ բան ենք տանում:

Գուցե ես ինչ-որ բան պետք է անեի ու չարեցի, ամբողջ գիրքն այդ հարցն է տալիս: Հերոսներից մեկը հանդիպում է անտուն մարդու, մյուսը` մի նկարչի, ով ապրում է Լամբադա կամրջի տակ, որովհետև գումար չունի: Մի ուրիշ հատվածում այլ մեղքերի հետ ենք առնչվում. հերոսը տեսնում է, թե ինչպես է տղան կատուն նետում գետը:

Ես փոքր հարցեր եմ բարձրացնում, մեծ հարցեր չեմ բարձրացնում, չեմ ցանկանում: Պարզապես ցանկանում եմ, որ մենք ուշադիր լինենք միմյանց հանդեպ: Մարդը հետաքրքիր էակ է, երբ ամեն ինչ լիարժեք է, նա դա չի տեսնում: Եթե թղթին կետ նկարեն և ասեն` ինչ ես տեսնում, ասելու եք` սև փոքրիկ կետ, բայց ամբողջ սպիտակը, որ կետի շուրջն է, մենք չենք նկատում:  

Պուճուր մարդիկ

Միշտ կան պուճուր մարդիկ, որոնք ոտնատակ են արվում, որոնց կյանքը մենք չենք նկատում: Բայց նրանք կան: Եվ նրանք շատ հետաքրքիր մարդիկ են: Ինձ միշտ հարցնում են` Ինչո՞ւ պուճուր մարդ, որովհետև այդպիսի վերնագրով ստեղծագործություն կա գրքում: Ինչո՞ւ ոչ փոքր մարդ, որը գրական է: Մի պարզ պատճառով` դուք ձեր սիրած մարդուն չեք ասի փոքր, կասեք` պուճուր: Իսկ ես սիրում եմ իմ հերոսներին: Յուրաքանչյուր պատմվածքում յուրաքանչյուր հերոս կրում է Երևանից ինչ-որ իրական մարդու բնավորություն: Գուցե դուք այդ մարդկանց ճանաչում եք:

Կյանքից գրված գիրք

Ես միայն գրողներից չեմ ազդվում, ես առօրյա խոսակցություններից եմ ազդվում: Իրականում պարտադիր չէ, որ գիրքը գրքից գրվի: Ինձ համար շատ ավելի հետաքրքիր է, երբ գիրքը կյանքից է գրվում: Չկան թեմաներ, որոնք տեղ ունեն գրականության մեջ և թեմաներ, որոնք չունեն:

Կիսատությունից ծնված գրականություն

Ինձ համար գրականությունը կիսատությունից է ծնվում, և ոչ միայն գրականությունը, նաև` արվեստը: Շատ ժամանակ ասում են, որ գրականությունը ծնվում է ցավից: Ես այդ մարդկանց այնքան լուսավոր եմ հիշում, շատ պարզ են, հետաքրքիր, բայց երբ առաջին անգամ տեսել եմ նրանց, ես ցավ եմ ապրել, վախեցել եմ, որ միգուցե մի օր ես էլ հայտնվեմ այդ իրավիճակում: Իմ պարագայում գրականությունը ծնվում է տագնապից: Անբացատրելի է, ես չեմ հասկանում, բայց տագնապ եմ զգում, վախենում եմ` գուցե հայտնվեմ նրանց տեղում կամ էլ, որ ոչնչով չեմ կարող օգնել նրանց: Ես դեռ չեմ կարողացել գրել հաճույքից, թեթևությունից ծնված գրականություն: Ինչ գրել եմ` եղել է անբացատրելի տագնապից:

Եթե իմանայի պատասխանը, չէի գրի: Իմ գրելու խնդիրն այն է, որ առաջին հերթին ինքս ինձ հասկանամ: Բայց պատասխան դեռ չունեմ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավորև ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին,երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]