Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Վրացական իշխանություններն արգելել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մուտքը Վրաստան

Վրացական իշխանություններն արգելել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մուտքը 
Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի համար անցանկալի անձանց ցուցակում: Հոկտեմբերի 18-ին Սադախլուի վրացական անցակետում նրա այցը Վրաստան խափանվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում  հուշարձանագետն ասաց, որ Վրաստանում երբևէ օրենք չի խախտել և համոզված է, որ  Վրաստան մուտք գործելու արգելքի պատճառն իր մասնագիտական գործունեությունն է:

Հուշարձանագետն արդեն երկար տարիներ իր հիմնադրամի աշխատանքային խմբի հետ ուսումնասիրում է հարևան երկրում ոչնչացված, յուրացված կամ անմխիթար վիճակում հայտնված հայկական հուշարձանները: Վրաստանում գտնվող հայկական նյութական մշակույթի վիթխարի ժառանգության աշխատանքները լրացնելու նպատակով էլ 2015 թվականի հոկտեմբերին կազմակերպվել էր  տասնօրյա հետազոտական ճանապարհորդություն դեպ Վրաստան, որն այդպես էլ ընդհատվեց հայ-վրացական սահմանային անցակետում: «Մեր ամբողջ խումբն արդեն անցել էր: Ես վերջինն էի: Դեռևս 2011 թվականից խնդիրներ էին առաջանում վրացական սահմանը հատելիս: Միշտ ինձ 15-20 րոպե պահում էին անցակետում, թեև փաստաթղթային որևէ խնդիր չէր լինում: Այս անգամ շատ ավելի երկար տևեց` մոտ 35 րոպե: Ապա Վրաստանի մաքսատան անվտանգության աշխատակիցը մոտեցավ և ասաց, թե «Դուք չեք կարող անցնել սահմանը»,- պատմեց Կարապետյանը:

Վրաստան մուտք գործելու արգելքի վերաբերյալ բացատրություն չստանալով՝ հուշարձանագետը գրավոր նամակներ է հղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլուն, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, անձամբ դիմել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, սակայն իրեն հուզող հարցի պատասխանը դեռ չի ստացել: «Վստահ եմ՝ գործունեությունս է պատճառը, որ ես Վրաստանի համար դարձել եմ անցանկանալի անձ»,- ասաց Կարապետյանը: 

Շուրջ քսան տարի է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի գլխավորած հետազոտական խումբը բարձրաձայնում է վրացական իշխանությունների կողմից պետական մակարդակով հայկական նյութական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերի մասին:  Վրաց գիտական միտքը տարբեր հրատարակությունների միջոցով ձգտում է կասկածի տակ դնել հայկական եկեղեցիների հայաշեն և հայապատկան լինելու իրողությունը: Վրաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Զազա Ալեքսիձեի և պատմական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր Դմրտրի Թումանիշվիլու՝ 2009 թվականին լույս տեսած «Վրաստանի մոնոֆիզիտ հուշարձանները»  աշխատությունն, օրինակ, փորձ է «գիտական ուսումնասիրության» շղարշի ներքո սեփականացնել Վրաստանի տարածքում գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի  մի շարք գավառներում (Ծոբոփոր, Բողնոփոր, Քվեշափոր, Կանգարք, Մանգլեացփոր) պահպանված հայկական պաշտամունքային մեծաթիվ հուշարձանները:

Դեռևս 1995 թվականին լույս է տեսել Սամվել Կարապետյանի հեղինակած փոքրիկ բրոշյուրը, որտեղ ներկայացված են Վրաստանի տարածքում գտնվող շուրջ 650 հայկական եկեղեցիների ցանկը և քարտեզագրումը` եկեղեցիների գտնվելու վայրի, հիմնադրման թվագրության ու նրանց վիճակի մասին համառոտ տեղեկատվությամբ: «Այս տարիների ընթացքում մեր խումբն աշխատել է հարևան Վրաստանի տարբեր շրջաններում, ուսումնասիրություններ իրականացրել ներկայիս Հայաստանի սահմանին կից գտնվող պատմական Հայաստանի Գուգարք նահանգի գավառները: Մարնեուլի շրջանը Գուգարքի Ծոբոփոր գավառն է, հարևան Բոլնիսը Գորգոփորն է, Թեթրիծղարոն` Մանգլեացփոր, Ծալկան` Թռեխքը, Նինոծմինդան և Ախլաքալաքը` պատմական Ջավախքը»,- նշում է հուշարձանագետը: 

Կարապետյանի խոսքով` հայկական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը իրականացվում է պետական մակարդակով, քանի որ Խոջիվանքի գերեզմանատ տեղում վրացական առաջնորդանիստ եկեղեցու կառուցման հիմնօրհնեքի արարողությանը մասնակցել է նաև այն ժամանակ Վրաստանի նախագահ Էդուրադ Շեվարնաձեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]