Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սեփական երկրի համար պիտանի մարդ լինելու ձգտումով. Սուրեն Սաֆարյանի «Նորամուտ»-ը

Սեփական երկրի համար պիտանի մարդ լինելու ձգտումով. Սուրեն Սաֆարյանի «Նորամուտ»-ը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Սուրեն Սաֆարյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ցուցահանդեսներ ունենալ Հայաստանում և տարբեր երկրներում: 32-ամյա արվեստագետի աշխատանքները հնարավոր է գտնել հայաստանյան և արտասահմանյան տարբեր մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահում: Բազմագույն արվեստանոցում նկարների իսկական հրավառություն էր. Հայաստանի նկարիչների միության անդամին բացահայտելու նպատակով «Արմենպրես»-ն այցելեց նրա արվեստանոց` ներկայացնելու Սուրեն Սաֆարյանի «Նորամուտ»-ը:

Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում

Ծնվել եմ Երևանում 1983 թվականին, արվեստագետի ընտանիքում: Պապիկիս հայրը` վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանը, «Հայֆիլմ» ստուդիայի հիմնադիրներից էր, առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարիչ-ձևավորողը: Պապս` Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ է եղել, երկար տարիներ նախագահել է Հայաստանի նկարիչների միությունը: Հայրս` Արմեն Սաֆարյանը, տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահն է:

Նկարել եմ մանկուց, ինչպես բոլոր երեխաները

Իմ ընտրությունը շատ հանկարծակի եղավ, ի սկզբանե չէի որոշել դառնալ նկարիչ: Պարզապես արվեստագետների միջավայրում եմ ծնվել: Մեր շենքում` Կիևյան 24-ում, 1958 թվականից բնակարաններ են տրվել հայ արվեստագետներին: Շատ անվանի նկարիչներ այդ շենքում են ապրել, ստեղծագործել: Մեր բակից է եղել Գրիգոր Խանջյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Անատոլի Պապյանը և այդպես կարող եմ ցուցակը շարունակել: Այդ միջավայրում մեծանալով սերը դեպի նկարչություն պարզապես չէր կարող չլինել:

Պիտանի մարդ` Հայաստանի համար

2000 թվականին ընդունվեցի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա` գեղանկարի բաժին, ավարտելով սկսեցի բուռն աշխատել:

Ակադեմիայում սկզբից սովորել եմ Մկրտիչ Սեդրակյանի, երրորդ կուրսից` Փարավոն Միրզոյանի արվեստանոցում:

Մկրտիչ Սեդրակյանը եղել է իմ պապիկի ընկերը, միասին սովորել են Թերլեմեզյանի ուսումնարանում, պատերազմ գնացել: Ես պապիս չեմ հիշում, նրա հասակակիցների հետ շփվելով` շատ պետքական խորհուրդներ եմ ստացել: Առաջնայինն այն չի եղել, որ պետք է լավ նկարիչ լինեմ, առաջնայինը պիտանի մարդ դառնալն է Հայաստանի Հանրապետության համար: Ի դեպ, կինս նույնպես արվեստի մարդ է, սովորել ենք նույն բուհում, արվեստաբան է և իմ նկարների քննադատն ու խորհրդատուն:

Դժվար է լինել նկարիչ

Շատ դժվար է այսօրվա պայմաններում լինել նկարիչ, ստեղծագործել: Արվեստագետ մարդը, ցավոք, տարված է հացի խնդիրը հոգալով, բայց նա պետք է նաև նկարչական պարագաներ գնի և կարողանա ստեղծագործել: Դրա համար պետական աջակցությունը շատ կարևոր է: Արվեստագետները նաև խնդիր ունեն մարքեթինգի առումով. նկարիչն ի զորու չէ և’ նկարել, և’  իր ստեղծագործություննները վաճառել, պրոֆեսիոնալ թիմ պետք է աշխատի և այդ ժամանակ կլինի արդյունք, արդյունք, որ տեսնում ենք արտերկրում: Ճիշտ է, նույն դժվարություններն ամեն տեղ են, բայց կան երկրներ, որտեղ նկարչին շատ մեծ տեղ են տալիս:

Արվեստանոցի մասին

Այն ստացել է պապս, այնուհետև այստեղ աշխատել է հայրս. բազմաթիվ տիկնիկներ, դեկորացիաներ են ստեղծվել, ես էլ մի շարք տիկնիկային ներկայացումների նկարիչ-ձևավորող եմ եղել:

Չեմ հաշվել, թե որքան նկար կա այստեղ, երևի 200-ից ավելի են, պապիկի աշխատանքներից էլ են պահվում, բայց հիմնականում իմ աշխատանքներն են:

Հուզական ապրումներ

Ամեն ինչ հետաքրքրում է ինձ, ամեն նկար սկսելուց ինչ-որ հուզական ապրումներ ես ունենում: Ես հիմա շատ նատյուրմորտներ, բնանկարներ, ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ եմ ստեղծում:

Անհատական ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ, առաջինը 2006 թվականին գեղարվեստի պետական ակադեմիայում, դեռ չէի ավարտել բուհը: Մի շարք խմբակային ցուցահանդեսների եմ մասնակցել թե Հայաստանում, թե արտերկրում, օրինակ` մասնակցել եմ Չինաստանի Պեկինի երրորդ միջազգային բիենալեին, Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդեսին , ցուցահանդեսներ եմ ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Հունգարիայում:

Բազմաթիվ մրցանակներ ունեցող նկարիչը պարգևներին հատուկ նշանակություն չի տալիս

Ես հատուկ տեղ պարգևներին չեմ տալիս: Դու չես աշխատում, որ պարգև ստանաս կամ դիպլոմ, ուշադրություն է, որն իհարկե հաճելի է, և հաճելի հենց այդ պահին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավորև ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին,երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]