Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի դեմ տանկեր կիրառելն Ադրբեջանի կողմից ահաբեկչության դասական դրսևորում է. Դավիթ Բաբայան

Արցախի դեմ տանկեր կիրառելն Ադրբեջանի կողմից ահաբեկչության դասական դրսևորում է. 
Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն Արցախի ուղղությամբ տանկեր կիրառելով ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պարզապես խենթ, ֆաշիստական, ահաբեկչական պետություն է: Նրա քաղաքականությունն ու քայլերը չեն տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Սա մարտահրավեր է միջազգային հանրությանը, մարտահրավեր է հակաահաբեկչական գործողություններ իրականացնող բոլոր պետություններին, որովհետև այն, ինչ իրականացնում է Ադրբեջանը, ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության դասական դրսևորում: Նման քաղաքականության ներքո բանակցային գործընթացում առաջընթաց ակնկալելը տեսանելի ապագայում դառնում է անհնարին»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով միջազգային հանրությունից ակնկալվող գործողություններին` Դավիթ Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերի: «Բայց, երևի, փորձում են չվնասել բանակցային գործընթացը, որովհետև հասկանում են, որ գործ ունեն ոչ ադեկվատ պետության հետ, որը ցանկացած պահի դիմում է այդպիսի շանտաժի, շահարկումների և այլն: Կարծում եմ` նման պահվածքը պետք է փոփոխության ենթարկվի, խիստ վերաբերմունք ցուցաբերվի պաշտոնական Բաքվի նկատմամբ: Սա նաև թուրք-ադրբեջանական քաղաքականության մի դրսևորում է: Նման լարվածությունը տեղի ունեցավ Մևլութ Չավուշօղլուի Ադրբեջան կատարած այցելությունից հետո: Եթե դիտարկենք Թուրքիայի կողմից վարված քաղաքականությունը, ռուսական ինքնաթիռի խոցումը, ահաբեկչական տարբեր խմբերի սատարումը Սիրիայում, Իրաքի տարածք ներխուժումը, ապա կարող ենք ասել, որ սրանք Բաքվի և Անկարայի կողմից վարվող քաղաքականության տարբեր մասնիկներ են»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է հայկական կողմի անելիքներին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ նախ չպետք է ահաբեկվել և պետք է միշտ ուժգին հակահարված տալ: Ըստ նրա` ահաբեկիչը ոչ մի բանից այդքան չի վախենում, որքան ուժից: Նա ցանկացած թուլություն, ցանկացած անսկզբունքայնություն օգտագործում է, որ իր ապակառուցողական, անմարդկային  քայլերն ավելի սաստկացնի: «Որքան ուժգին հակահարված տանք և տալիս ենք, այնքան Ադրբեջանն իր տեղը  լավ կճանաչի»,-եզրափակեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: 

Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից (տանկ) արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը: Դեկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (101 արկ), 82 (193 արկ), 120 (35 արկ) միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 (27 արկ) և ՌՊԳ-7 (3 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց: Հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք (17 արկ) և հրասայլ (5 արկ):

Հակառակորդի կողմից խոշոր տրամաչափի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 8-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գարիկ Գուրգենի Ավանեսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]