1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը պետությանը հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը պետությանը հորդորել է ճանաչել 
Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական համագումարը (HDK) դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առնչությամբ ուղերձ է տարածել՝ հասցեագրված թուրքական պետությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Ուղերձում, որը ստորագրել են HDK խոսնակներ Սեբահաթ Թունջելն ու Էրթուղրուլ Քյուքչուն, կոչ է արվում առերեսվել սեփական պատմությանն ու ներողություն խնդրել իրականացրած ցեղասպանությունների համար:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին հայերի և ասորիների ցեղասպանությունը, որն իրականացվեց Օսմանյան կայսրության այդ ժամանակվա ղեկավարության՝ «Իթթիահաթ վե թերաքիի» («Միություն և առաջադիմություն») կարգադրությամբ, օսմանյան հայերի էթնիկ և կրոնական ինքնությունները վերացնելուն ուղղված ծրագրավորված և համակարգված համամարդկային հանցագործություն էր»,- նշվում է HDK հայտարարության մեջ: Դրանում ներկայացված է, թե ինչպես 1915 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի հայ մտավորականության ձերբակալությամբ մեկնարկած ցեղասպանական գործողության ընթացքում հայ ժողովուրդը, որն այդ տարածքների հնագույն բնակիչներից է, պոկվեց սեփական հայրենիքից: «Հետագայում Ցեղասպանությունն իթթիհաթականներին ներվեց հայերի «կապիտալի թուրքացման» և «թուրքական տարրը գերիշխող դարձնելու» հիմնավորումներով: 100 տարի անց էլ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտումը»,- ասվում է ուղերձում:

Հեղինակները փաստել են, որ ցեղասպանությունները 20-րդ դարից հետո էլ կրկնվեցին: Արդեն մեր օրերում ականատեսն ենք լինում, թե ինչպես է ԻԼԻՊ-ը փորձում ոչնչացնել եդիներին, սակայն թե’ ՄԱԿ-ը, թե’ Թուրքիան լուռ են մնում եզդիների հետ տեղի ունեցող դեպքերին:

«Ժողովուրդների դեմոկրատական համագումարը խոնարհվում է ցեղասպանությունների հետևանքով բոլոր զոհվածների հիշատակի առաջ և հիշեցնում, որ Թուրքիան մեկն է այն պետություններից, որ ստորագրել է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային համաձայնագրի տակ:

Կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել հայերի ու ասորիների ցեղասպանությունների ժխտումը, ներողություն խնդրել այն համամարդկային հանցանքների համար, որ իրականացրել է օսմանյան պետության ժողովուրդների դեմ, որի քաղաքական ժառանգն էլ հենց ինքն է` ժամանակակից Թուրքիան:

Ցեղասպանությունների կանխարգելումը հավաքական պատասխանատվություն է: Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք կբարձրացնենք նրանց, անտարբեր չենք լինի այն զուլումի նկատմամբ, որը տեղի է ունեցել, և ցույց կտանք, որ նրանց երբեք չենք մոռանա: Իրականությանն առերեսվելն ու ներում հայցելն այն ճանապարհն է, որով Թուրքիան կկարողանա խաղաղության և հավասարության մեջ ապրել աշխարհի և մեր ժողովուրդների հետ»,- ասվում է ուղերձում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունել է նոր բանաձև, որը դեկտեմբերի 9-ը հռչակում է «Ցեղասպանության հանցագործության զոհերի  հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»: Բանաձևը, որոն առաջ էր քաշել Հայաստանը, ընդունվել է կոնսենսուսով. դրա օգտին է քվեարկել 80 պետություն:

Բանաձևը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպություններին և կառույցներին նշել Ցեղասպանության հանցագործության զոհերի միջևազգային օրը` բարձրացնելով տեղեկացվածությունը Ցեղասպանության մասին կոնվեցիայի վերաբերյալ:

Պաշտպանության համար պատասխանատվության (R2P) համաշխարհային կենտրոնը բանաձևի ընդունման համար առանձնահատուկ շնորհակալություն է հայտել Հայաստանի Հանրապետությանը բանաձևի ընդունման նպատակով ներդրած ջանքերի համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]