Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Երևանում տեղի ունեցավ նորակառույց կառավարական վարչական համալիրի բացումը


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նորաբաց կառավարական վարչական համալիրում կտեղակայվեն  5 նախարարություններ: Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ կառավարական վարչական նոր համալիրի բացման արարողությունը: Համալիրի ճարտարապետ Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սկզբնական շրջանում բավական բարդ խնդիր էր համալիրում տարբեր նախարարություններ տեղաբաշխելը: «Սկզբում նախատեսվում էր համալիրում տեղակայել  4, իսկ հետո փոխվեց, դարձավ 5 նախարարություն, տարածքը մոտ 5 հազար մետր քառակուսի է, և այդ տարածքի վրա կազմակերպել բոլորի առանձին մուտքերի շինարարությունը այնքան էլ հետշտ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:

Քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետք է կառուցվեր կառավարական վարչական համալիր, որոշում է կայացվել կառուցել այնպիսի շենք, ինչպիսիք մինչև հիմա եղել են: «Դրա համար մենք շենքի կամարը վերածել ենք հաղթակամարի, որի աջ և ձախ կողմերում զարդաքանդակներ կան: Մենք նույնությամբ կրկնել ենք կառավարության շենքի զարդաքանդակները, իսկ շենքը նախագծվել է ավելի բաց սկզբունքներով: Նախագծվել են մի քանի նոր փողոցներ, շենքի հետևի մասում այդ փողոցները չկային: Առանձին կապ է բացվել Զաքյան փողոցից և «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի ետնամասից, որը մինչ այդ սպասարկում էր վճռաբեկ դատարանին և դատախազությանը»,- նշեց Նարեկ Սարգսյանը:

Շենքի ճակատային մասում լինելու է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, թիկունքում` մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունները, կա նաև առանձին մասնաշենք, որտեղ կլինի արդարադատության նախարարությունը: Նարեկ Սարգսյանը հավելեց, որ նախարարությունները նորակառույց կառավարական վարչական համալիր կտեղափոխվեն 2016թ. փետրվարի վերջին:

Երևանի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեում տեղակայված Կառավարական վարչական նոր համալիրը կառուցվել է Արդարադատության նախարարության նախկին այրված շենքի և շուրջ 25 տարի չգործող, վերականգնման ոչ ենթակա, կենտրոնական շրջանային կաթսայատան հողատարածքի վրա։ Համալիրի կառուցապատված և բարեկարգված տարածքն ընդգրկում է նախկին «Սևան» հյուրանոցի սահմանագծից մինչև ՀՀ գլխավոր դատախազության շենք և Վ. Սարգսյան փողոցից մինչև Զաքյան փողոց հատվածը: համալիրն իր մեջ ներառում է Վ. Սարգսյան փողոցի երկայնքով տեղադրված գլխավոր վարչական մասնաշենքը, որտեղ տեղակայված են արտաքին գործերի, այդ թվում և դիվանգիտական ակադեմիայի, կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների տարածքները, առանձնացված Արդարադատության նախարարության մասնաշենքը, որը տեղադրված է դեպի Զաքյան փողոց նայող հատվածում, ինչպես նաև՝  տեխնիկական մասնաշենքը:

Վարչական երկու մասնաշենքերը միմյանց հետ կապված են ստորգետնյա ավտոկայանատեղով։ Տրանսպորտային միջոցների և հետիոտնի շարժը առավելագույնս հարմար կազմակերպելու նպատակով գլխավոր հատակագծով նախատեսվել և իրականացվել են երկու նոր փողոցներ, որոնցից մեկը զուգահեռ է Վազգեն Սարգսյան փողոցին, անցնում է գլխավոր վարչական կառույցների ետնամասով, կապվելով դեպի «Մարիոթ Արմենիա» բակային մասնաշենք տանող ճանապարհահատվածին և որը հետագայում նախատեսվում է կապել Խորենացի փողոցի հետ։ Իսկ մյուսն ուղղահայաց է Վազգեն Սարգսյան - Զաքյան փողոցներին և կապ է ստեղծում նշված երկու փողոցների միջև, առանձնացնելով հարևանությամբ գոյություն ունեցող բնակելի շենքի սպասարկման ճանապարհը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ