Երևանյան բեսթսելեր 3/41. «Ճամփորդություն գիշերից անդին» գործը վարկանիշային աղյուսակում է
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավել օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Գրիգի «Հիսուսի կատուն» երկրորդն է: Ժողովածուն երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից՝ գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից՝ աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ: Դրանց համադրությամբ Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
Աշխարհահռչակ անգլիացի գրող Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը, որը համարվում է նրա ամենանշանավոր ստեղծագործությունը, երրորդ հորիզոնականում է: Այն աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկն է: Վեպի սյուժեն շատ բաներով համապատասխանում է այն գրքերի բովանդակության հետ, երբ գլխավոր հերոսը վաճառում է իր հոգին սատանային և դրա փոխարեն ձեռք բերում գեղեցկություն, հավերժ երիտասարդություն և հզորություն:
Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը չորրորդն է: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն հինգերորդ հորիզոնականում է:
Վեցերորդ հորիզոնականում է Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» է: Այս վեպով Ելինեկը հայտնի դարձավ աշխարհին: Վեպում ներկայացվում է բարդ հոգեբանությամբ մի կերպար, որի ներաշխարհում կանոնիկ կյանքի և սեռական ներքին ձգտումների բարդ հակադրությունն է:
Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» ստեղծագործությունը յոթերորդն է: Թե Էկոյի, թե Կարիերի կիրքը գիրքն է` նոր ու հին, խելացի ու հիմար, ժողովրդականություն վայելող և հազվադեպ հանդիպող: Զրույցների այս ժողովածուն անդրադառնում է գրքի դարավոր պատմության ուշագրավ էջերին: Այն կարծես նոստալգիկ սիրո խոստովանություն է հիշեցնում:
Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը» ութերորդ հորիզոնականում է: Այն Միլան Կունդերայի ամենահայտնի վեպն է, որ խորհրդանշում է նաև 20-րդ դարի վեպի որակական նոր մակարդակը: Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների, պատմության ողբերգական մի ժամանակահատվածի մասին է՝ փիլիսոփայական ինքնատիպ խորհրդածություններով, որոնք վերաբերում են մարմնի և հոգու անհամատեղելի երկվությանը, իրական հնարավորություններին ու դրանց իրականացման դժվարությանը:
Լուի-Ֆերդինանդ Սելինի «Ճամփորդություն գիշերից անդին»՝ 1932 թվականին լույս տեսած վեպը համարվում է 20-րդ դարի ֆրանսիական գրականության անկյունաքարային գործերից մեկը: Այն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կյանքի բնականոն հունից դուրս ընկած և հոգեբանական բազմաթիվ փորձությունների ենթարկված մտավորականի դառը և միևնույն ժամանակ հեգնական ինքնախոստովանությունն է:
Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպը, որի համար հիմք է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը, եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ.թ.ա. 2219-2218 թթ.: Փարավոնի գահակալության ժամանակաշրջանի կարճ լինելը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները....
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ/Անտարես | 41/24 | |
2 | +3 |
Գրիգ «Հիսուսի կատուն» |
Անտարես | 10 | |
3 | * |
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը» |
Էդիթ Պրինտ | 10 | |
4 | -1 |
Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» |
Էդիթ Պրինտ/Բուկինիստ | 10 | |
5 | * |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 9 | |
6 | * |
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին» |
Անտարես | 8 | |
7 | * |
Ժան-Կլոդ Կարիեր և Ումբերտո Էկո «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» |
Անտարես | 8 | |
8 | -6 |
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը» |
Անտարես | 7 | |
9 | նոր |
Լուի-Ֆերդինանդ Սելին «Ճամփորդություն գիշերից անդին» |
Անտարես | 7 | |
10 | -3 |
Նաջիբ Մահֆուզ «Ռադոբիս» |
Անտարես | 6 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում