Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն աննախադեպ է` ուղիղ եթեր, առանց մոնտաժի. Շարմազանով

Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավն աննախադեպ է` ուղիղ եթեր, առանց 
մոնտաժի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 1ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացում որևէ շտապողականություն չկա, քանի որ իշխանություններն առաջարկում են ոչ թե նոր Սահմանադրություն ընդունել, այլ գործող Սահմանադրության մեջ իրականացնել փոփոխություններ: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Դեռևս 1990 թվականին, երբ հրապարակվեց Սահմանադրություն ընդունելու հրամանագիրը, կար երկու տարբերակ: Մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակն էր, որն 1995թ. անցավ, իսկ մյուսը, այսպես կոչված, վեցյակի տարբերակն էր, որի կազմում էին ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն և Հանրապետականը: Եթե կան մարդիկ, որ արդեն մոռացել են, ես հիշեցնեմ, որ ի սկզբանե Հանրապետականը եղել է խորհրդարանական կառավարման կողմնակից, իսկ Հանրապետական կուսակցության ղեկավար Աշոտ Նավասարդյանը եղել է այդ վեցյակի կազմավորողներից և լիարժեք ներկայացուցիչներից մեկը: Այս 24 տարիների ընթացքում խորհրդարանական կառավարման վերաբերյալ բազում քննարկումներ են եղել և սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը մշտապես եղել է: Եվ այս առումով ես չեմ կարծում, որ եղել է շտապողականություն: Կարելի է հրապարակել փոփոխությունների նախագիծը և միայն 10 տարի հետո իրականացնել հանրաքվեն, սակայն այդ ընթացքում արդյունավետ աշխատանք չիրականացնել և կարելի է անել 6 ամսվա ընթացքում ու անել արդյունավետ աշխատանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Նրա կարծիքով՝ բարեփոխումները կյանքի կոչելու համար բոլոր փուլերն արդեն անցել են, եղել են հանրային լսումներ, քննարկումներ, իսկ ընթացող քարոզարշավն աննախադեպ է: «Աննախադեպ է այն առումով, որ ուղիղ եթերում «ոչ»-ի և «այո»-ի կողմնակիցներն առանց մոնտաժի կարողանում են քաղաքացիներին ներկայացնել իրենց կարծիքը: Երկրորդ կարևոր հանգամանքն էլ այն է, որ մեր քաղաքացիներն էլի առանց մոնտաժի իրենց կարծիքն ասում են իշխանություններին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունների անցկացումը ՀՀԿ-ի համար գերխնդիր չէ: «Մեզ համար «այո»-ի քարոզչությունը կյանքի ու մահվան հարց չէ, սա պարզ է: Այն ժամանակ էլ եմ ասել, որ մեզ համար կան առաջնային շատ այլ խնդիրներ, որոնք համապատասխան պաշտոնյաներն իրականացնում են: Իսկ պետական պաշտոնյաների ներգրավվածությունն «այո»-ի շտաբում չի խանգարում նրանց պարտականությունների կատարմանը, որովհետև նրանք քարոզչական աշխատանքներին մասնակցում են աշխատանքային ժամերից հետո»,- մանրամասնեց Շարմազանովը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Հայաստանում կանցկացվի դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]