Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին

Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը փոքր երկիր է, Եվրոպայի համեմատ ունի աղքատ տնտեսություն, սակայն այն ողջունել է փախստականների մուտքը երկիր՝ օգնություն տրամադրելով բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով news-republic.com-ը, այս մասին «Հայաստանը ցույց է տալիս Եվրոպային, թե ինչպես է պետք ընդունել փախստականներին» խորագրով հոդվածում գրել է «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցո Օչոան:

Նա ներկայացրել է, որ սիրիական հակամարտության ամենասկզբից Հայաստան են ժամանել 17 հազար սիրիացիներ: Եվ թեպետ նրանց զգալի մասը սիրիահայեր էին, այդուհանդերձ եկածների շարքում կային ասորիներ ու եզդիներ, ում համար ևս Հայաստանը տուն դարձավ: Պատահական չէ, որ Եվրոպայում Հայաստանը երրորդն է ընդունած սիրիացի փախստականների թվով:

Ի տարբերություն Լիբանանի, Թուրքիայի կամ Հորդանանի՝ Հայաստանը Եվրամիությունից չստացավ զգալի ֆինանսական աջակցություն այս փախստականներին ընդունելու համար: Այդուհանդերձ սփյուռքի նախարարությունը հայտարարեց, որ «եթե փախստականները որոշել են գալ Հայաստան, մեր պետությունը միջազգային կազմակերպությունների և հայկական կառույցների հետ պետք է անի առավելագույնը նրանց ընդունելու համար»:

«Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի կազմակերպած կոտորածները հիշեցրին հայերին սեփական պատմությունը: Շատ սիրիացիներ, ովքեր եկան Հայաստան, իրականում Հայոց ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, և շատ հայեր բարոյական պատասխանատվություն զգացին՝ ապահովելու նրանց անվտանգ ապաստարանով: Սա նաև բացատրում է այն հանգամանքը, թե ինչու եզդիներին, ովքեր իրենց հայրենական հողերում ոչնչացման են ենթարկվում, այստեղ գրկաբաց են ընդունում»,- նշել է Օչոան՝ հավելելով, որ թեպետ ԵՄ պետությունները համաձայնության են գալիս եվրոպական արժեքների և սկզբունքների հարցում, տարբեր կերպ են ընկալում գործնականում դրանց կիրառությունը: Եվ դա առավել ակնհայտ ընդգծվեց փախստականների վերջին հոսքի ժամանակ: Այս տարիներին փախստականների նկատմամբ դրսևորած դիրքորոշմամբ Հայաստանը ցույց տվեց, որ եվրոպական արժեքներն անկեղծորեն կիսող պետություն է: Օչոայի համոզմամբ՝ դրա ապացույցն այն էր, թե ինչպես հայերը Փարիզի ահաբեկչությունից հետո անմիջապես հավաքվեցին մայրաքաղաք Երևանում՝ սգալու զոհերի հիշատակն  ու դատապարտելով կատարվածը:

«Շառլ Ազնավուրը, ում ծնողները Հայոց ցեղասպանությունից հետո գաղթել էին Եվրոպա, ասել է, որ ինքը «մշտապես կկանգնի նրանց կողքին, ովքեր դռները թակում են, և ոչ թե նրանց կողքին, ովքեր դրանք փակում են»: Ես հավատում եմ, որ այս խոսքերն արտացոլում են այն ապրումները, որ ունեն շատ հայեր և եվրոպացիներ, ովքեր բախվում են այն մարդկանց կերպարին, որոնք փախչում են պատերազմից՝ փորձելով փրկել սեփական կյանքը: Սրանք են այն եվրոպական արժեքները, որոնք միավորում ենք մեզ Իռլանդիայի ժայռերից մինչև Հայաստանի սարերը»,- եզրափակել է հոդվածը Օչոան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]