Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկայի տրամադրությունը ելույթից առաջ բարձր է

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկայի տրամադրությունը 
ելույթից առաջ բարձր է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Միկայի տրամադրությունը ելույթից առաջ բարձր է: Այս մասին Բուլղարիայից «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց պատանի երգիչը:

 «Այժմ ես շատ ուրախ եմ, թեեւ չեմ կարող չնշել նաեւ, որ մի փոքր հուզվում եմ: Ինձ շատ երջանիկ եմ զգում, քանի որ իրականություն է դառնում ամենամեծ երազանքս եւ ժամեր անց ես ելույթ եմ ունենալու եվրատեսիլյան հանդիսականի համար: Այժմ այնքան մոտ եմ ինձ զգում երազանքիս իրականացմանը»,-նշեց նա:

Միկան ակնկալում է, որ իր ելույթը բոլորին դուր կգա եւ իրեն կհաջողվի հեռուստադիտողներին փոխանցել այն դրական տրամադրությունը, որն առկա է իր մրցութային երգում: Արդեն յոթ օր է, Միկան Բուլղարիայում է եւ այս օրերի ընթացքում բազմազան փորձերից եւ տարբեր հանդիպումներից զատ, հասցրել է փոքր-ինչ շրջել Սոֆիայում, ծանոթանալ մրցույթի այլ երկրների մասնակիցների հետ, նաեւ ընկերանալ նրանց հետ:

«Այստեղ հրաշալի մթնոլորտ է, այնքան ենք ընկերացել միմյանց հետ: Բոլորս միմյանց անհրաժեշտության դեպքում օգնում ենք եւ լավ ժամանակ անցկացնում»,-նշեց նա:

«Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի Միքայել Վարոսյանը: Միքայելի ամենամեծ երազանքն արդեն իրականություն է. նա 2012-ից սկսած մասնակցել է «Մանկական եվրատեսիլ»-ի հայաստանյան բոլոր փուլերին, սակայն բաղձալի երազանքին հասնելու համար մի քանի տասնորդական միավորներ չեն բավականացրել: 12-ամյա Միքայելը երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռեւս 6 տարեկանից, սկսել է երաժշտական կրթություն ստանալ, հետագայում՝ մասնակցել միջազգային մրցույթների:

Միքայելը 2012 -ին մասնակցել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան ընտրական փուլին: 2014 թվականին Միքայելը մասնակցել է Վիտեբսկ քաղաքում անցկացվող «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 3-րդ տեղը: 2014 թվականից նա իրեն սկսել է փորձել նաեւ հեռուստատեսային աշխարհում եւ սկսել է վարել «Փազլ» մանկական հաղորդումը:

Հայաստանի ներկայացուցիչն այս տարի կներկայացնի ռոքնռոլ ժանրի երգ, որը թարմություն է եւ նորություն մրցույթի հայաստանյան մասնակցության պատմության մեջ: Միկան երգի միջոցով բարություն ու սեր է տարածելու մարդկանց մեջ՝ հաղորդելով նրանց բարձր պարային տրամադրություն: Երգը կրում է «LOVE/Լավ» խորագիրը: Երաժշտության հեղինակն է Լիլիթ Նավասարդյանը, խոսքերի հեղինակ՝ Ավետ Բարսեղյան, երաժշտության եւ խոսքերի համահեղինակն է Միքայել Վարոսյանը:

«Մանկական եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17–ն են՝ Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Իռլանդիա, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Սան Մարինո, Ավստրալիա:
Երգի տոնն այս տարի կանցկացվի #Discover (Բացահայտի՛ր) նշանաբանի ներքո նոյեմբերի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am