Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փարիզի ահաբեկչությունը սրեց ԻՊ-ի դեմ Արևմուտքի և Ռուսաստանի համատեղ պայքարի անհրաժեշտությունը. վերլուծություն

Փարիզի ահաբեկչությունը սրեց ԻՊ-ի դեմ Արևմուտքի և Ռուսաստանի համատեղ 
պայքարի անհրաժեշտությունը. վերլուծություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի տարբեր շրջաններում նոյեմբերի 13-ի երեկոյան իրականացված ահաբեկչական գործողությունների շարքն ապացուցեց, որ աշխարհի անգամ ամենահզոր երկրներն այլևս անվտանգ չեն ահաբեկչության աճող սպառնալիքի պայմաններում: Մերձավորաևելյան երկրների համար պատուհաս դարձած ծայրահեղ իսլամիստներն այլևս չեն բավարարվելու լոկալ գործողությունների շարքով և ընդլայնելու են ահաբեկչական գործողությունների աշխարհագրությունը՝ վտանգի մեջ դնելով անգամ ամենաանվտանգը համարվող երկրների անմեղ բնակչությանը:

Մի քանի տարի շարունակ ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպությունը ռմբակոծում է Մերձավոր Արևելքի երկրները՝ պատճառ դառնալով հազարավոր մարդկանց մահվան ու մշակութային մեծ թվով արժեքների ոչնչացման: Թեպետ Արևմտյան բլոկի երկրները հայտարարում էին ԻՊ-ի դեմ պայքարելու մասին, սակայն այդ պայքարն ավելի ու ավելի նմանվում էր ձևականության՝ չտալով ոչ մի իրական ու շոշափելի արդյունք: Հակառակը, ծայրահեղ իսլամիստները, օգտվելով Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցությունից և Թուրքիայի ակնհայտ հովանավորչությունից, մահաբեր վարակի նման տարածվում ու հաստատվում էին նոր շրջաններում: ԻՊ անդամներն ամեն օր նոր պայթյուններ էին իրականացնում Սիրիայում և Իրաքում՝ դառնալով նորանոր ողբերգությունների պատճառ:

Շուրջ հինգ տարի մերձավորարևելյան երկրներում ԻՊ-ի իրականացրած ոճրագործությունները, սակայն, չունեցան նույն հնչեղությունն ու միջազգային արձագանքը, ինչ նոյեմբերի 13-ի գիշերը Փարիզի փողոցներում իրականացված ահաբեկչությունների շարքը: Ֆրանսիայի մայրաքաղաքի ընտրությունը պատահական չէ. «Իսլամական պետությունն» արդեն վաղուց է սպառնում ֆրանսիական կառավարությանը: Իսկ սպառնալիքների հիմնական պատճառը Ֆրանսիայի զինուժի կողմից 2015 թվականի սեպտեմբերից սկսած Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դիրքերի ռմբակոծումն էր:

Ֆրանսիայում իրականացված ահաբեկչությունը «սառը ցնցուղի» աղդեցություն ունեցավ գերտերությունների ղեկավարների վրա՝ ստիպելով նրանց ևս մեկ անգամ լրջորեն մտածել ահաբեկչության աճող սպառնալիքի մասին և փնտրել դրա դեմ նոր լուծումներ: Արևմուտքի երկրները հասկացան, որ իսլամիստ ծայրահեղականների վտանգը չի սահմանափակվում միայն մերձավորարևելյան տարածաշրջանով, այլ իրական սպառնալիք է ստեղծում ցանկացած երկրի համար: Եվրոպական մայրցամաքում Ֆրանսիայի նման հզոր պետության թիրախավորումն ահազանգ դարձավ Արևմուտքի համար՝ ԻՊ-ի սպառնալիքի դեմ Ռուսաստանի հետ համատեղ պայքարելու անհրաժեշտությունն առաջին պլան մղելով: Պատահական չէ, որ Արևմտյան երկրների շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ բարձրաձայնեցին ԻՊ-ի դեմ համատեղ կոալիցիա ստեղծելու Ռուսաստանի առաջարկն ընդունելու անհրաժեշտության մասին՝ համարելով դա այն միակ փրկության ուղին, որը կմաքրի աշխարհն արդեն մի քանի տարի ախտահարող «Իսլամական պետությունից»:

Արաքս Կասյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]