Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում. Թիան Էրլուն

Հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել  «Մետաքսի ճանապարհի» վերածննդի 
նախագծում.  Թիան Էրլուն

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլուն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցում Չինաստանի ներգրավվածության, անցնող տարում հայ-չինական հարաբերությունների զարգացման ընթացքի և երկկողմ առաջիկա ծրագրերի մասին:

-Պարոն դեսպան, Չինաստանը հետաքրքրություն է ցուցաբերում հայ-իրանական երկաթուղու շինարարության հարցում:

- Հայաստանի մոտ առկա է ցանկություն կառուցելու հայ-իրանական երկաթգիծ, և մի շարք չինական ընկերություններ ուսումնասիրում են այդ հարցում համագործակցության ու երկաթգծի շինարարության համաֆինանսավորման հնարավորությունը: Չինաստանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները, սակայն վերը նշված հարցում համագործակցության պայմանները պետք է դեռևս քննարկվեն:

-Չինաստանը արդյոք դիտարկո՞ւմ է հայ-իրանական երկաթգիծը որպես «Մետաքսի մեծ ճանապարհի» վերագործարկման բաղադրիչներից մեկը:

- «Մետաքսի ճանապարհի» նախագծի վերածննդի բաղադրիչներից մեկը ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումն է և դրանց փոխկապակցումն է. այդ պարագայում հայ-իրանական երկաթգիծը կարող է ինտեգրվել  «Մետաքսի ճանապարհի» վերածննդի նախագծում:

-Հայ-չինական հարաբերություններն ինչպիսի՞ զարգացում ապրեցին անցնող տարում:

-Անցնող տարին հայ-չինական հարաբերությունների զարգացման, խորացման և ընդլայնման առումով բավական հաջող էր: Բարձր մակարդակով փոխադարձ այցելությունները, այդ թվում` այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Չինաստան հիրավի պատմական իրադարձություններ էին երկու երկրների համար: Նախագահի այցի ընթացքում ստորագրվեց հայ-չինական համագործակցության տասը պայմանագիր, որը լավ իրավական հիմք է հանդիսանում երկու երկրների միջև հետագա համագործակցության համար:

Այնուհետև` սեպտեմբերին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով ժամանեց Չինաստան, որի ընթացքում քննարկվեցին կոնկրետ նախագծերում համագործակցության հնարավորությունները. հայ-չինական ռեալ համագործակցությունը ապրեց ռեալ զարգացում:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք հայ-չինական տնտեսական հարաբերությունների զարգացման մակարդակը:

-Այս տարի հայ-չինական երկկողմ ապրանքաշրջանառության ցուցանիշները, ամենայն հավանականությամբ, կկրճատվեն` հաշվի առնելով համաշխարհային տնտեսական զարգացման ընդհանուր մակարդակի նվազման միտումները: Բայց, ես պետք է նշեմ, որ հայ-չինական տնտեսական համագործակցության ցուցանիշների նվազումը կլինի ավելի քիչ` համեմատած Հայաստանի և այլ երկրների նմանատիպ ցուցանիշների հետ: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Հայաստանից Չինաստան արտահանման ցուցանիշն այս տարվա առաջին կեսին ավելացել է շուրջ 30 տոկոսով, ինչը շատ լավ ցուցանիշ է:

-Ինչպե՞ս է ընթանում հայ-չինական հումանիտար համագործակցությունը:

-Այս տարի Չինաստանում անցկացվեցին հայկական մշակույթի օրերը, իսկ հաջորդ տարի ծրագրվում է Հայաստանում անցկացնել չինական մշակույթի օրերը, որի անցկացման ժամկետները դեռևս քննարկման փուլում են: Բացի այդ`ամեն տարի Չինաստանի կառավարության կողմից տրամադրվող կրթաթոշակով ՉԺՀ ուսանելու են մեկնում հայ ուսանողներ. ՀՀ ԲՈՒՀ-երում սովորում են նաև չինացի ուսանողներ: Ես հուսով եմ, որ հաջորդ տարի Չինաստանի տեխնիկա-տնտեսական  աջակցության շրջանակներում Երևանում կմեկնարկի չինարենի խորացված ուսուցմամբ հանրակրթական դպրոցի շինարարությունը:

-Չինաստանը Հայաստանի տնտեսության ո՞ր ոլորտներում է հետաքրքված` ապագայում ներդրումներ կատարելու առումով:

-Յուրաքանչյուր ներդրում կախված է առաջին հերթին տնտեսական նպատակահարմարությունից: Չինական մի շարք ընկերություններ հետաքրքրված են  տրանսպորտային և էներգետիկ օբյեկտների շինարարությանը ներգրավելու հարցում. քննարկվում է նաև Հայաստանում հայ-չինական համատեղ պղնձաձուլման գործարանի կառուցման և շինանյութերի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Հարցազրույցը Հենրիխ Մարգարյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]