Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է մոմավառությանը
ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակին անցկացվող մոմավառությանը: ՀՀ Նախագահը ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակին Ֆրանսիայի հրապարակում, որը լի է բազմահազար մարդկանցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրապարակը ողողված է բազմաթիվ պաստառներով ու գրություններով, որոնք զորակցություն են հայտնում ֆրանսիացիներին: «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք» հայերեն ու անգլերեն պաստառների կողքին երիտասարդները պարզել են նաև ՀՀ Նախագահի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղված ցավակցական գրից մեջբերում` «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են»:
Ֆրանսիայի հրապարակում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան
Մոմավառություն է կազմակերպվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Խոնարհված են դրոշները: Ծաղիկներ են զետեղվել դեսպանատան պատերի տակ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում