Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է մոմավառությանը

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է մոմավառությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակին անցկացվող մոմավառությանը: ՀՀ Նախագահը ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակին Ֆրանսիայի հրապարակում, որը լի է բազմահազար մարդկանցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրապարակը ողողված է բազմաթիվ պաստառներով ու գրություններով, որոնք զորակցություն են հայտնում ֆրանսիացիներին: «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք» հայերեն ու անգլերեն պաստառների կողքին երիտասարդները պարզել են նաև ՀՀ Նախագահի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղված ցավակցական գրից մեջբերում` «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են»:


Ֆրանսիայի հրապարակում են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հայաստանի երիտասարդական նվագախումբը հնչեցնում է Ֆրանսիայի ազգային հիմնը: 

Մոմավառություն է կազմակերպվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Խոնարհված են դրոշները: Ծաղիկներ են զետեղվել դեսպանատան պատերի տակ: 

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակած տվյալների, զոհվել է 127 մարդ, տուժել են ավելի քան 250-ը, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել և մեղադրել «Իսլամական պետություն» խմբավորմանը:

Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am