Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Օգոստոս

Դուդուկի սիրահարը. Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը

Դուդուկի սիրահարը. Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործիք, որը բոլոր ժամանակներում թե' տխրության, թե' ուրախության պահերին հայերի կողքին է: Հայկական ծիրանափողը կամ ավելի հայտնի դուդուկ գործիքը հենց այսպես է բնորոշում դուդուկահար Արսեն Պետրոսյանը: Երաժիշտն իր բազմաթիվ դուդուկների մասին սիրով է խոսում և ընդգծում` գործիքը նման է փոքրիկ երեխայի. դուդուկին էլ պետք է հասկանալ, համոզել ու ամենակարևորը` սիրել: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արսեն Պետրոսյանի «Նորամուտ»-ը:

Երաժշտասեր ընտանիքում եմ ծնվել…

Ծնվել եմ 1994 թվականին Չարենցավանում`երաժշտական և երաժշտասեր ընտանիքում: Հորս տատիկի հայրը Ջավախքում դուդուկահար է եղել: Տատիկս ու պապիկս երգել են, տանը ժողովրդական երաժշտություն է հնչել: Սկզբում նվագել եմ շվի: Ֆիզիկապես դժվար է միանգամից դուդուկի անցնելը: Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում դուդուկիս առաջին ուսուցիչը եղել է Գրիգոր Խաչատրյանը:

…Սուտ կլինի ասել, որ վեց տարեկանում սիրել եմ դուդուկը և ցանկացել եմ դուդուկահար դառնալ: Նախ անհրաժեշտ է երաժշտությունը սիրել, զգալ: Տարիներ հետո հասկացա, որ հենց սա է իմ ճանապարհը:

Դուդուկի մեջ լույս կա

Դուդուկը մեծ պատմություն ունի: Այն թե' տխրության, թե' ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել: Դուդուկը միայն լացի ու տխրության գործիք չէ. նրա մեջ մեծ լույս, սեր, կյանք կա:

Ծնողներս ուսանելու տարիներին շատ են հետևել ինձ: 10 տարեկանում ավելի շատ բակային խաղերով էի տարված, չէի ուզում գնալ դասերի, բայց ծնողներս ստիպում էին, և դա իր արդյունքը տվեց: Դրա համար շնորհակալ եմ նրանց:

Փառատոնային, մրցութային հաղթարշավ

2009 թվականին Գյումրիում մասնակցեցի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, որն առաջին անգամ էր կազմակերպվում: Երաժշտական դպրոցից հայտ էին ներկայացրել: Առաջին կարգի դափնեկիր դարձա: Հետագայում հանրապետական տարբեր մրցույթ-փառատոնների եմ մասնակցել, Սպենդիարյանի անվան պատանի երաժիշտ-կատարողների հանրապետական մրցույթում գրավել եմ երրորդ տեղը:  

Համերգային շրջագայություններով հանդես եմ եկել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում Իսպանիայում և այլ երկրներում` որպես մենակատար և խմբերի հետ:

Մասնակցություն «Շանթ» հեռուստաընկերության «Դուդուկի նոր ընտրյալներ» նախագծին

2010 թվականին մասնակցեցի նախագծին: Արդյունավետ ծրագիր էր, ցավոք շարունակություն չունեցավ: Այդ տարիքի համար բավականին մեծ փորձ էր, շատ լավ էր: Ամեն շաբաթ նոր գործ էի պատրաստում, եռանդուն աշխատանք էր, բացի այդ հանդիսատեսը ճանաչեց ինձ: Նույն տարում ընդունվեցի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, սովորեցի պրոֆեսոր Գևորգ Դաբաղյանի դուդուկի դասարանում: Կոնսերվատորիան ինձ մեծ գիտելիքներ ու փորձ տվեց:

Ջիվան Գասպարյանի հետ հանդիպել եմ…

Նաև նրա անվան դուդուկահարների մրցույթին եմ մասնակցել 2011 թվականին, ու զբաղեցրել երրորդ տեղը: Նա շատ մեծ գործ է արել դուդուկի և Հայաստանի համար: Ջիվան Գասպարյանը դուդուկը բարձր մակարդակով ներկայացրել է աշխարհին` միջազգային բեմերում քարոզելով Հայաստանն ու հայկական երաժշտությունը:

Նոյեմբերի 24-ին հանրությանը «Չարենցավան» ձայնասկավառակս կներկայացնեմ

CD-ի ձայնագրման առաջարկը ստացել եմ Pomegranate Music Production լեյբլից: Սան Ֆրանցիսկոյից Րաֆֆի Մենեշյանը լեյբլի տնօրենն է: Նա առաջարկեց ձայնասկացվառակ ստեղծել, սկսեցինք CD-ի ձայնագրությունները: Ձայնասկավառակում այնպիսի նոր գործեր են ներառված, որ դուդուկով առաջին անգամ են կատարվում: Օրինակ` արխիվային ստեղծագործություններ եմ գտել, դրանք եմ կատարելու: Սա շատ կարևոր է ինձ համար:

Մերօրյա կոմպոզիտորներից, օրինակ, Արա Դինքչյանի Lullaby for the Sun ստեղծագործությունն եմ կատարել: Նոյեմբերի վերջին ԱՄՆ-ում է լինելու շնորհանդեսը, դեկտեմբերի վերջին էլ` Հայաստանում: Եվրոպայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվելու:

Հայաստանն ու դուդուկը

Հայաստանի օդը, ջուրը շատ կարևոր է մանավանդ դուդուկահարի համար: Դուդուկ լավագույնս հենց հայը կարող է նվագել: Ես ինձ լավ և հանգիստ եմ զգում Հայաստանում ստեղծագործելու ու նվագելու առումով: Հայաստանից մեկնելու և հեռանալու ցանկություն չունեմ, բայց արտասահմանում նախագծերի կմասնակցեմ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավորև ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին,երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Տաթև Դուրյանի 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ