Երևանում՝ 11:07,   29 Փետրվար 2024

Ջիվան Ավետիսյանն իր նոր ֆիլմի շուրջ աստղային կազմ է հավաքել

Ջիվան Ավետիսյանն իր նոր ֆիլմի շուրջ աստղային կազմ է հավաքել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր` «Վերջին բնակիչը» ֆիլմը հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: 2016 թվականին հանրության դատին հանձնվելիք ֆիլմը, ռեժիսորի հավաստմամբ, սիրո և դրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Սցենարի  հեղինակներն են Ծովինար Խաչատրյանը  և Մասիս  Բաղդասարյանը: Երաժշտությունը գրում է ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Արմենպրես»-ը նոր ֆիլմի մասին զրուցել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

«Վերջին բնակիչը»  ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտված են 

Իմ նախորդ`«Թևանիկ» ֆիլմի  նկարահանումներն ավարտելուց հետո սկսեցի «Վերջին բնակիչը»  ֆիլմի աշխատանքները: Վերջինիս  նախագիծը  նախորդ  տարի` «Թևանիկ»  ֆիլմի  հետ  ներկայացրել էի Կաննի  67-րդ  փառատոնի  կինոշուկայում:  «Թևանիկը»  նկարագրում է պատերազմական իրավիճակում հայտնված գյուղի երեք պատանիների մեկ օրվա կյանքը:  «Վերջին բնակիչը»  ֆիլմի գլխավոր հերոսները  ծայրահեղ լարված պատերազմական իրավիճակում հայտնված յոթանասունն անց մարդիկ են: 

Միջազգային համագործակցության արդյունք-ֆիլմ

Այս անգամ ցանկացա ստեղծել մի ֆիլմ, որը ծնունդ կառնի միջազգային  համագործակցության արդյունքում: Ֆիլմում  իրենց  մասնակցությունն են  ունեցել դերասաններ,  ովքեր  մեծ  ճանաչում  ունեն աշխարհի  տարբեր  մասերում: Մեր  հայ  ճանաչված   և  սիրված  դերասանների`  Ալեքսանդր  Խաչատրյանի,  Սոս Ջանիբեկյանի  հետ  գլխավոր  հերոսներին կերպավորում են  աշխարհահռչակ դերասան Հոմայուն  Էրշադին`  Իրանից և Լիտվայում մեծ  ճանաչում ունեցող  դերասանուհի`  Սանդրա Դաուկշայտեն: Մեր  մյուս  շատ  սիրելի  հայ  դերասանների`  Բաբկեն  Չոբանյանի,  Նարինե Պետրոսյանի,  Էլֆիք Զոհրաբյանի  կողքին  խաղում են նաև Դիմիտրա Խատուպին` Հունաստանից, Աննե Բեդիանը` ԱՄՆ-ից, Արմեն Գրիգորյանը (Գրեյգը)` Ռուսաստանից: 

Ֆիլմը հայկական գյուղում մնացած միակ հայ բնակչի մասին է

Ֆիլմում ներկայացված են 1988-89 թթ. դեպքերը: Պատմությունը հայկական  գյուղի  տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին է: «Վերջին  բնակիչը»  ֆիլմի թեման կապված է Արցախի, Սումգայիթյան  ողբերգություն հետ, որոնք  իրենց  հետքն  են  թողել  հազարավոր մարդկանց  ճակատագրերի վրա: Մարդկանց հետ տեղի են ունեցել բազմաթիվ պատմություններ, որոնք համամարդկային տարողություն ունեն: Պետք է ուղղակի նկատել, պատմել... 

Բարդություններ, դժվարություններ

Բավականին  բարդ   աշխատանքային  օրեր  ենք  ունեցել, դժվարությունների  շատ ենք  հադիպել, բայց  կարողացել ենք  հաղթահարել: Առաջին հերթին, իհարկե, ֆիլմի սյուժեն էր, որ մարդկանց գրավեց:  Ֆիլմի բոլոր  դերասանները սիրեցին  պատմությունը,  գաղափարը  և սիրով  ցանկացան խաղալ  իրենց  առաջարկված կերպարները: Ինձ համար  մեծ պատասխանատվություն  էր ունենալ  այսպիսի  թիմ: Միայն հաղորդակցությունն արդեն խնդիր էր, հաղորդակցվում էինք մի  քանի  լեզուներով: Բոլոր խնդիրները լուծվեցին շնորհիվ ֆիլմի աշխատակազմի բարձր պրոֆեսիոնալիզմի և բծախնդիր աշխատանքի:

Արցախյան նկարահանումներ

Նկարանումներն իրականցրել  ենք  Արցախում` իմ  հայրենի  գյուղում` Խաչմաչում: Գյուղի  պատկերը ես վաղուց նախագծել  էի  իմ մտքում`  որպես  այս  ֆիլմի  գործողությունների  վայր, և այն հաջողությամբ ի կատար ածեցինք: Ֆիլմի  նկարահանումները  սկսեցինք  այս  ամռանը`  օգոստոսի 8-ից  և  ավարտեցինք  օգոստոսի 30-ին: Մեր պատրաստվածությունը թույլ  տվեց  22 օրվա  մեջ  իրակացնել  լիամետրաժ  ֆիլմի  նկարահանումները: Այժմ ֆիլմը  հետարտադրական  փուլում է`մոնտաժային,  ձայնային  աշխատանքներ, երաժշտություն և այլն:

Սերժ Թանկյանը ֆիլմի  կոմպոզիտորն է

Ֆիլմի  կոմպոզիտորը բոլորիս շատ սիրելի մարդ, երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանն է,  ով  այժմ  երաժշտության  արարման  ճանապարհին է: Վստահ  եմ,  որ  հիանալի  աշխատանք  է  լինելու`  համահունչ  ֆիլմի իրադարձություններին և ասելիքին: Ես էլ մեծ  ակնկալիքով  սպասում եմ  մեր  հետարտադրական  աշխատանքների  ավարտին: «Վերջին բնակիչը»   ֆիլմը  պատրաստ  կլինի և հանդիսատեսի  դատին  կհանձնվի  2016 թվականի  գարնանը: 

«Վերջին բնակիչը» և  «Թևանիկ»

Եթե համեմատենք իմ երկու  ֆիլմերը,  ապա  նմանություններ  կգտնենք: Երկուսն էլ  առնչություն  ունեն  Արցախի հետ,  դեպքերը պատերազմական նույն պատմական  իրադարձությունների ֆոնին են ծավալվում,  բայց երկուսի պատմությունները մեկը  մյուսից խիստ տարբեր են: Հուսով եմ, որ հանդիսատեսը  կսիրի նաև  «Վերջին բնակիչը»  ֆիլմը:   

«Վերջին բնակիչը»   ֆիլմը սիրո և նրանից ծնվող ինքնազոհողության մասին է: Դա հույս է տալիս, որ հակամարտություններից բզկտվող ախարհում կյանքը  կշարունակվի: Բայց ֆիլմը պատմելն իմաստ չունի, պետք է նայեք:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` ֆիլմի պաշտոնական ֆեյսբուքյան էջից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]