Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թեմայով 10 ֆիլմեր, որոնք արժե դիտել

Հայոց ցեղասպանության թեմայով 10 ֆիլմեր, որոնք արժե դիտել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը կինոյի լեզվով ներկայացնելու և հանրությանն այդ սոսկալի ոճրագործության մասին իրազեկելու բազմաթիվ փորձեր են արվել: Ցեղասպանության թեմայով բազում ֆիլմեր են նկարահանվել, որոնց նպատակն է ցույց տալ իրականությունը և պատմել հայերի հետ կատարված դաժանության մասին:

«Արմենպրես»-ն առանձնացրել է Հայոց ցեղասպանության թեմային առնչվող 10 ֆիլմ, որոնք, իսկապես, արժե դիտել:

1. «Նահապետ»


Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977-ին նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը։ Նա հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում, և այստեղ նոր ընտանիք է կազմում:

Ֆիլմում խաղում են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Գուժ Մանուկյանը և այլք:

2.  «Մայրիկ»


Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմությունը ։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք:

3. «Արարատ»


Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն իր դերասանական տաղանդն է դրսևորել նաև այս ֆիլմում: Կանադահայ ռեժիսոր, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Ատոմ Էգոյանը 2002 թվականին նկարահանեց «Արարատ» ֆիլմը, որը պատմում է ցեղասպանության և դրա ընթացքում ծավալված մի շարք կարևոր դեպքերի, մասնավորապես՝ Վանի հերոսամարտի մասին։ Էգոյանը բացի ֆիլմի ռեժիսորը լինելուց նաև սցենարի հեղինակն է և համապրոդյուսերը:

Ֆիլմում խաղում են նաև Քրիստոֆեր Պլամերը, Արսինե Խանջյանը, Էրիկ Բոգոսյանը, Սիմոն Աբգարյանը և այլք:

4.«Սպի»


Վենետիկի փառատոնի մրցանակակիր, գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը 2014 թվականին ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը նվիրված «Սպի» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով կորցրել է իր ընտանիքը և տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել: Նա սկսում է երեխաների փնտրտուքները: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք: Գլխավոր հերոսին մարմնավորել է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը:

5.«Արտույտների ագարակը»


Վիտտորիո և Պաոլո Տավիանի եղբայրների` 2007 թվականին նկարահանած իտալական ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին: Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։

Կինոնկարում խաղում են Պաս Վեգան, Արսինե Խանջյանը, Չեկի Կարիոն և այլք:

6. «Ձորի Միրոն»


«Ձորի Միրոն» Մուշեղ Գալշոյանի համանուն վիպակի էկրանավորումն է։ Միրոն ցեղասպանության ժամանակ կորցնում է ընտանիքը, գաղթականների հետ հասնում Արևելյան Հայաստան, հաստատվում տեղի գյուղերից մեկում, ընտանիք կազմում մի գաղթական կնոջ հետ:

1979-80 թթ. ստեղծված ֆիլմում խաղում են Սոս Սարգսյանը, Հովակ Գալոյանը, Գեղամ Հարությունյանը և այլք:

7. «Փրկության քարտեզ»


Հայ ժողովրդին աջակցած հինգ միսիոներ կանանց ճակատագրերն ու պատմություններն ամփոփող «Փրկության քարտեզ» ֆիլմը հանրությանը ներկայացվեց 2015-ին: Ռեժիսոր Արամ Շահբազյանի խաղարկային փաստավավերագրական ֆիլմը համամարդկային ցավի, մի ազգին պատահած փորձությունների մասին է՝ աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում: Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանությունների մասին պատմող գրքերի հեղինակ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելության ճանապարհը՝ նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:

Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա): Ֆիլմում ցեղասպանությունն է, սակայն այն մարդասիրական լույսի տակ է ներկայացվում:

8. «1915»


Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «1915» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2015 թվականին: ԱՄՆ-ի արտադրած 82 րոպե տևողությամբ հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը, իսկ ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը երաժշտություն է գրել կինոնկարի համար: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանքի բերել մոռացված ցեղասպանության ուրվականներին: Կինոնկարի գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սեմ Փեյջը և Անժելա Սարաֆյանը:

9. «Արամ»


Գեղարվեստական ֆիլմը 2002-ին ներկայացրել է ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանը: Սարգիսյանների ընտանիքը երկար ժամանակ ապրում է Փարիզում, արդեն հետևում են մնացել ծանր ժամանակները, պատերազմը և իրենց պատմական հայրենիքը լքելը։ Բայց նախկին ցավը կրկին զգացնել է տալիս, երբ Փարիզում ահաբեկչական գործողության ընթացքում ծանր վնասվածք է ստանում ընտանիքի փոքր տղան՝ Լևոնը։

Ֆիլմում խաղում են Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Լյուբնա Ազաբելը, Ալան Մոտեն և այլք:

10. «Խենթ պատմություն»


Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: «Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց Ժիլին տեսնելու և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել:

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք:

Ֆիլմերն առանձնացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]