Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է լուրջ համագործակցություն սկսի Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ. Արա Պապյան

Հայաստանը պետք է լուրջ համագործակցություն սկսի Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային 
փոքրամասնությունների հետ. Արա Պապյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է սկսի հարաբերություններ զարգացնել տարածաշրջանում իր երկու հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հետ: Պետք է հարաբերություններ հաստատել այդ երկրների այն մարդկանց խմբերի հետ, որոնց շահերը համընկնում են մեր շահերի հետ: Տեսակետը` «Մոդուս վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանինն է:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կայացած քննարկման ժամանակ Պապյանը շեշտեց, որ Ադրբեջանում դա կարելի է կատարել հեշտությամբ, քանի որ այդ երկիրը միատարր չէ, եւ հնարավոր է համագործակցություն իրականացնել ինչպես իրանախոս, այնպես էլ կովկասյան բնակչության հետ:

«Համագործակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների միջեւ առկա է, սակայն այդ համագործակցությունը կարող է զարգանալ, եթե լինի պետական լուրջ աջակցություն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները հիմնականում կազմում են ադրբեջանական բանակի միջին օղակը եւ հիմնականում ծառայում են ԼՂ-ի հետ շփման գծում: Ըստ Պապյանի, Ադրեջանում ազգային փոքրամասնություններն ավելի շատ են, քան ներկայացվում է  պաշտոնական փաստաթղթերում: Եթե ադրբեջանական ծառայությունների ներկայացմամբ թալիշների թիվը 200.000 է, ապա ամերիկյան վերլուծությունները խոսում են ավելի քան մեկուկես միլիոն թալիշների մասին: «Ադրբեջանը չունի նախադրյալներ Հայաստանում նման գործընթաց ծավալելու համար, քանի որ Հայաստանն ազգային փոքրամասնությունների հետ խնդիր չունի: Մեր երկրում ամենամեծ համայնքը կազմում են եզդիները, որոնք իրենց լավ են զգում այստեղ, եւ նրանց դժվարությունները պայմանավորված են մեր երկրի դժվարություններով: Նրանք Հայաստանում ճնշված չեն»,- ասաց Պապյանը` հավելելով, որ Թուրքիայում Հայաստանը կարող է նման հարաբերություններ ձեւավորել ալավիների հետ, ովքեր հիմնականում բնակվում են Դերսիմում եւ մեծ հարգանք ունեն հայերի հանդեպ:

«Նրանք մեծ հանրույթ են` ավելի քան 15 միլիոն: Ապրում են համախումբ: Մենք հասարակական եւ գիտական մակարդակով հարաբերություններ ծավալում ենք, սակայն լավ կլիներ, որ այդ հարաբերությունները լինեին ավելի ամուր»,- ասաց Պապյանը` հավելելով, որ, օրինակ, թալիշական ռադիոյով հայկական կողմը կարող էր եթերաժամ գնել եւ հաղորդումներ վարել: «Եթե այսօր 10 տանկ ենք գնում, ապա 11-րդ տանկի գումարը կարելի է տալ նման գործողությունների համար»,- ասաց Պապյանը: Նրա այս խոսքերի հետ համամիտ չէ իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա գնահատմամբ` Պապյանի ներկայացրածն ավելի շատ ռոմանտիզմ է հիշեցնում: «Երբեմն ինչ-որ գործընթացի մեջ մտնելը պետք է բազմակողմանի ուսումնասիրել, որպեսզի մեր գործողություններով չվնասենք: Հետեւաբար, այս պարագայում, շատ ավել նախընտրելի է տանկ գնելը, քան գործողությունների դիմել, որոնց հետեւանքներին մենք տեղյակ չենք»,- ասաց Ոսկանյանը: Արա Պապյանը շեշտում է, որ հայերը կարող են համագործակցել նաեւ քրդերի հետ: Նա վստահ է, որ մոտ ապագայում քրդերը կարող են ստանալ անկախություն եւ կազմել պետություն, հետեւաբար Հայաստանը պետք է մտածի նրանց հետ համագործակցության մասին:

Պապյանի այս տեսակետի հետ համամիտ չէր նաեւ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիայի եւ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների վերաբերյալ Պապյանի դրույթներն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Նա հիշեցրեց, որ Թուրքիայում ապրող քրդերից շատերն իրենց ձայնը տվել են  իշխող «Արդարություն եւ զարգացում« կուսակցությանը, եւ ինքն առաջիկայում չի տեսնում հիմքեր, որ քրդերի հետ կապված` Պապյանի կանխատեսումները կարող են իրականություն դառնալ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]