Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Սիրո գործակից» կինոկատակերգության պրոդյուսերը դիտումների ռեկորդի ակնկալիք ունի

«Սիրո գործակից» կինոկատակերգության պրոդյուսերը դիտումների ռեկորդի ակնկալիք ունի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության պրոդյուսեր Հյակ Մարությանը հուսով է, որ ֆիլմը կինոթատրոններում դիտումների ռեկորդ կսահմանի, քանի որ հեղինակները փորձել են բարձրացնել որակի սանդղակը: «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 21-ին անցկացվեց «Կարգին» և «Էսքիզ» ստուդիաների նոր՝ «Սիրո գործակից» կինոկատակերգության փակ պրեմիերան:

«Մեկ տարի աշխատանքից հետո ավարտել ենք ֆիլմը: Այս անգամ շատ ավելի դժվար էր, քան «Սուպեր մամա» ֆիլմի ժամանակ. փորձել ենք որակի սանդղակը մեկ աստիճանով բարձրացնել: Ֆիլմի բյուջեն մեծացել է, մարդկային ռեսուրսներն են ավելացել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, դերասան Հայկ Մարությանը:

Նրա խոսքով` ֆիլմի գործողությունները տեղի են ունենում թենիսի մրցաշարի ընթացքում:

«Ռոմանտիկ կատակերգություն է՝ happy end-ով, որպեսզի բոլորս նորից հավատանք, որ հրաշքներ լինում են և ամեն ինչ լավ է ավարտվում: «Սուպեր մամա» ֆիլմը հավաքեց 220 հազար հանդիսատես, ինչը բացարձակ երևույթ էր, և շատ ուրախացրեց մեզ: Այս տարի կփորձենք ամենաքիչը հաստատել նույն ռեկորդը, և շատ մեծ ջանքեր կգործադրենք, որ ավելացնենք ցուցանիշը: Նոր ֆիլմի բյուջեն մոտ 400 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է եղել»,- հայտնեց Հայկ Մարությանը:

Ֆիլմի ռեժիսոր Վահագն Խաչատրյանի խոսքով` կյանքում բազմաթիվ բարդություններ են լինում, և դրանք հաղթահարելու տարբեր միջոցներ կան: «Որպես կանոն՝ մտածում են ոչ այդքան ճիշտ, ոչ օրինական միջոցների մասին: Գլխավոր կոչն այն է, որ կյանքում պետք չէ կորցնել մարդկային տեսակը ու ամեն դժվար վիճակից կարելի է դուրս գալ ավելի ազնիվ ճանապարհով»,-հավելեց ռեժիսորը:

Դերասանուհի Արմինե Պողոսյանը ֆիլմում բացասական կերպար է մարմնավորում:

«Շատ անակնկալ էր, երբ ինձ հայտնեցին, որ պետք է խաղամ մի աղջկա դեր, որն իմ հակապատկերն է: Դժվարություններ շատ ունեի կերպարային, ձայնային առումով. հրաշալի խումբ ունեմ, որ կարողացավ օգնել ինձ: Տգեղ, թերհաս հարուստ աղջկա կերպար է, որը դժվար է լուրջ խաղալ: Ինչքանով է լավ ստացվել՝ չգիտեմ: Շատ լավ կերպար էր, շատ ուրախ եմ, որ այս կերպարով եմ հանդես գալիս»,- հավելեց նա:

Դերասանուհի Էթերի Ոսկանյանն ուրախ է «Սիրո գործակից» կինոկատակերգությունում հանդես գալու համար:

«Սա ինձ համար շատ մեծ փորձություն էր: Իմ հերոսուհին բարի աղջիկ է, ով զբաղվում է սպորտով: Ամենամեծ բարդությունը թենիսի պարապմունքներն էին, շատ դժվար էր պարապմունքները համատեղել նկարահանումների հետ: Ես սիրեցի այդ սպորտաձևը, բացահայտեցի ինձ համար մեծ թենիսը»,- նկատեց նա:

«Սիրո գործակից» կինոկատակերգության գլխավոր հերոսները երկու ընկերներ են, որոնք ունեն համատեղ բիզնես, և որոշում են գումար հայթայթել այն փրկելու համար: Նրանք որոշում են անելանելի դրությունից դուրս գալու համար դիմել կանանց թենիսի մրցախաղին առնչվող խարդախության: Թենիսիստուհիներից մեկին սիրահարված հերոսին, սակայն, ուզում են ամուսնացնել թաղային հեղինակություն Աղվանի դստեր՝ Փիրուզի հետ: Ռոմանտիկ հերոսին հետապնդում, սիրահետում է Փիրուզը, նրա հայրը՝ Աղվանը, և վերջինիս կինը՝ Ժաննան, ով ևս փորձում է գայթակղել տղային:

Ֆիլմի բեմադրող- ռեժիսորներն են Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը:
Սցենարի հեղինակն է Ռոբերտ Մարտիրոսյանը: Դերերում հանդես են գալիս Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Արմինե Պողոսյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Լուիզա Ներսիսյանը, Ժենյա Մկրտումյանը, Խորեն Լևոնյանը, Աննա Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արմուշը և այլ սիրված դերասաններ:

Կինոնկարը հանդիսատեսն ընդունեց հոտնկայս ծափահարություններով: Ֆիլմը կինովարձույթում կհայտնվի հոկտեմբերի 22-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]