1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գյումրին տեխնոլոգիական կենտրոնի վերածելու տեսլականը դառնում է իրականություն

Գյումրին տեխնոլոգիական կենտրոնի վերածելու տեսլականը դառնում է իրականություն

ԳՅՈՒՄՐԻ, 20  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու  տեխնոլոգիական  կենտրոնը (ԳՏԿ) միջավայր է, որտեղ ոչ միայն  գաղափարները, այլ նաև Գյումրին տեխնոլոգիական կենտրոնի վերածելու տեսլականն է դառնում իրականություն: Վերջին ամիսների ընթացքում ոչ միայն ավելացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործող ընկերությունների, այլ նաև աշխատողների թիվը: Ի սկզբանե գործող 6  ընկերությունների փոխարեն դրանք արդեն 23-ն են, 4-ը` կրթական բնույթի: Ու այս ամենը գործունեության 1 տարվա ընթացքում: Եթե բացման առաջին ամիսների ընթացքում Գյումրու տեխնալոգիական կենտրոնը «թերբեռնված» էր աշխատում՝ զբաղեցված էր  կենտրոնի  ողջ տարածքի միայն շատ փոքր հատվածն, ապա այս պահին արդեն ազատ տարածքներ չկան:

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծել է ծառայությունների այնպիսի միջավայր, որը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորություն ընձեռում երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչելու նորարար բիզնես գաղափարներ: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը: Ընդհանուր առմամբ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացի զարգացմանը:  Բարենպաստ գործարար միջավայրը, ոլորտի զարգացումն ու  ընկերությունների առաջընթացի ապացույցն արդեն ստեղծված ու դեռ ստեղծվող աշխատատեղերն են: Տեխնոլոգիական կենտրոնի բիզնես-զարգացման մենեջեր Հրայր Արամյանը «Արմենպրես»-ին նաև տեղեկացրեց Գյումրու, որ այս պահին կենտրոնի տարբեր ընկերություններում աշխատող մասնագետների  թիվն անցնում է 100-ից, սակայն, այն, որ լավ մասնագետների կարիքը զգացվում է, փաստ է.  կենտրոնում գործող ընկերություններն ունեն ևս նույնքան թափուր աշխատատեղեր: Ոլորտի  լավ մասնագետները այլևս կարիք չունեն երկար աշխատանք փնտրելու, կամ այլ աշխատանքով զբաղվելու: «Այսօր բազմաթիվ երիտասարդներ կան Գյումրիում, ովքեր ուզում են տեխնոլոգիական կրթություն ստանալ, քանի որ տեսնում են, որ աշխատանք են ունենալու: Այսօր ԳՏԿ-ի ընկերությունները թերբեռնված են կադրերի մասով: Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա ՏՏ ոլորտի 2 հազար 500 մասնագետի պահանջարկ, մասնագետների պահանջարկ կա նաև Գյումրիում: Եվ եթե այդ պահանջարկը լրացվի, ապա ավելի շատ ընկերություններ կգան Գյումրի»,- նշեց Հրայր Արամյանը:

Շատ գյումրեցիների այն մտավախությունը, թե ԳՏԿ-ն կլինի  անարդյունավետ ծրագիր, բարեբախտաբար, իրականությանը չի համապատասխանում: Նույնիսկ արդեն հնարավոր է պատկերացնել կենտրոնի զարգացումը, որն, ինչպես նշեց Հրայր Արամյանն, ավելի շատ բովանդակային զարգացում է լինելու: «Կենտրոնում գործող սկսնակ ընկերություներից բոլորը չէ, որ ծիլ են տալիս ու գոյատևում, նրանց տեղը կլինի ռոտացիա: Մենք այս պահին քանակի խնդիր չենք տեսնում, այլ՝ գործող ընկերությունների ուժեղացման: Մենք դեռ փորձում ենք գյումրեցիների վստահությունը շահել: Ես կարծում եմ` կենտրոնն այս մասով արդեն իր խոսքն ասում է: Թեև 1 տարին կայացման փուլ է՝ կենտրոնն արդեն  կայացած ու  հագեցած կառույց է ու նոր է իր խոսքն ասելու, բայց ոչ թե գոռալով, այլ իր աշխատանքով: Այո՛, մինչ այս եղել են հավակնոտ ծրագրեր, բայց ԳՏԿ-ն համարեք այդ հավակնոտ ծրագրերի իրական մասը: Մեր աշխատանքն անելով` կլուծենք ոլորտի զարգացման հարցը: Այս ոլորտը խոցելի է միայն կրթական համակարգի փոխակերպման հարցում. որպեսզի ոլորտը կարողանա համալրվել լավ մասնագետներով, պետք է  վերափոխել ինչպես ուսանողին, այնպես էլ կրթողին, պետք սերտ կապ լինի ոլորտի հետ»,- հավելեց  Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես-զարգացման մենեջեր Հրայր Արամյանը:Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի« ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը« արտասահմանյան ներդրումների ներգրավմանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]