Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Գրիգորյանի կյանքը և պոեզիան շատ ներդաշնակ էին. Արքմենիկ Նիկողոսյան

Հովհաննես Գրիգորյանի կյանքը և պոեզիան շատ ներդաշնակ էին. Արքմենիկ Նիկողոսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, երջանկահիշատակ Հովհաննես Գրիգորյանի դուստրը մինչև այսօր չի կարողանում համակերպվել հոր մահվան հետ: Սոնա Գրիգորյանը փաստում է` իր համար տարօրինակ է հոր մասին խոսել անցյալով: «Նրա ծրագրերն անվերջ էին. համոզված եմ, որ եթե կենդանի լիներ, ստեղծագործական կյանքը եռուն կլիներ: Հուսով եմ` հնարավորություն կունենանք վերատպել նրա գործերը, հասանելի դարձնել շատերին: Շուտով նաև հայրիկի կայքը պատրաստ կլինի: Ես դեռ չեմ համակերպվում հորս մահվան հետ. ամեն օր տուն գնալիս մի փոքր հույս ունեմ, որ նրան կտեսնեմ նույն տեղում ու նույն դիրքով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հովհաննես Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց Սոնա Գրիգորյանը:

Բանաստեղծի դստեր խոսքով` Գրիգորյանը երազում էր Հայաստանը տեսնել բարեկեցիկ, զարգացած և չհայաթափվող երկիր:

«60-70-ականներին մեր գրականության մեջ ներխուժեց գարունականների հոսանքը: Սա պայմանավորված էր «Գարուն» ամսագրի լույսընծայմամբ: Այն բերեց նոր լեզվամտածողության պահանջ, հայտնվեցին երիտասարդ գրողներ: «Գարուն» -ը դարձավ այն գետը, որը տարավ նրանց նավարկության: Այդ երիտասարդներից մեկը Հովհաննես Գրիգորյանն էր»,- ընդգծեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:  

ՀԳՄ նախագահի խոսքով` Հովհաննես Գրիգորյանն իր պոեզիայով ստեղծեց յուրահատուկ ժառանգություն: «Մեր գրականությունը հարստացել է Հովհաննես Գրիգորյանով և մյուս տաղանդավոր բանաստեղծներով»,- շեշտեց նա:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը շատ բան է սովորել Հովհաննես Գրիգորյանից:

«Նրա ամենակարևոր դասն էր` երբեք չհնչեցնել պաթետիկ խոսքեր, լինել չափազանց անկեղծ բոլորի հետ: Հովհաննես Գրիգորյանն իր տեսակով առաջնորդ էր, ուզում էր, որ լավագույն երիտասարդներն իր շուրջը հավաքվեն, շատ հետևողական էր նրանց գրական ճակատագրի հանդեպ: Գրեթե յուրաքանչյուրիս կենսագրության մեջ մեծ ներկայություն ունի, և ոգևորման իր մեթոդը չափազանց ուսանելի էր. Հովհաննես Գրիգորյանը ոգևորում և դեպի գրականություն էր բերում բազմաթիվ մարդկանց»,- նշեց նա:

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` Հովհաննես Գրիգորյանի կյանքը և պոեզիան շատ ներդաշնակ էին:

«Հովհաննես Գրիգորյան մարդու և բանաստեղծի միջոցով կարողացանք ճանաչել լավ գրականությունը, փոխել պոեզիայի հանդեպ մեր կարծրացած պատկերացումները»,- ընդգծեց գրականագետը:

Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթի ընթացքում ելույթ ունեցան նրա ընկերներն ու գործընկերները, ներկայացրին բանաստեղծի անցած ուղին և վերաարժևորեցին նրա թողած ստեղծագործական ժառանգությունը:

Հովհաննես Գրիգորյանը ծնվել է 1945 թվականին Գյումրիում: Գրել և տպագրվել սկսել է դեռևս դպրոցական տարիներից: Բանաստեղծությունների առաջին` «Երգեր առանց երաժշտության» ժողովածուն հրատարակվել է 1975 թվականին: Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներովՄի շարք գրական մրցանակների դափնեկիր է: 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: 2011թ. Հովհաննես Գրիգորյանն արժանացավ ՀՀ պետական մրցանակի գրականության և հրապարակախոսության ոլորտում իր «Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար: 

Հովհաննես Գրիգորյանը մահացել է  2013  թվականի փետրվարի 7-ին:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]