Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման աշխատանքներն կավարտվեն 2016թ.-ին

Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման 
աշխատանքներն կավարտվեն 2016թ.-ին

ԲԱԳՐԱՏԱՇԵՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայը` Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի հետ միասին հոկտեմբերի 15-ին ծանոթացան Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացմանը ուղղված շինարարական աշխատանքների ընթացքին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Բագրատաշենի սահմանային անցակետի արդիականացման աշխատանքների ավարտից հետո Հայաստանը կունենա եվրոպական չափանիշներին համապատասխան բարձր որակի մաքսակետ: «Այս նոր մաքսակետը հնարավորություն կտա շեշտակի ավելացնել տրանսպորտային միջոցների թողունակությունը: Շինարարական աշխատանքները իրականացվում են ըստ ժամանակացույցի` երեք աշխատանքնային հերթափոխով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նա:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ԵՄ ֆինանսական ինստիտուտների ֆինանսական աջակցությամբ։

«ՄԱԶԾ-ն ուրախ է աջակցելու Հայաստանի սահմանների արդիականացմանը, ինչը նշանակում է ոչ միայն բարձրագույն չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքներ, այլ նաև համաշխարհային մակարդակին հարիր առավել հզոր համակարգ և ընթացակարգեր (քաղաքացիների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունք և այլն)»,-նկատեց ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող ու զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն` հավելելով, որ 2010 թվականից ի վեր ՄԱԶԾ-ն վերապատրաստել է ՀՀ բոլոր սահմանային կառավարման գործակալությունների ավելի քան 700 պաշտոնյաների:

Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման նպատակով ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման նախագծի համար ՀՀ կառավարությունը 30 միլիոն եվրոյի վարկ է ստացել Եվրոպական ներդրումային բանկից, որը լրացվում է Եվրոպական հանձնաժողովի «Հարևանության ներդրումային գործիք» հիմնադրամի կողմից` 12 միլիոն եվրո դրամաշնորհի և ԵՄ Արևելյան գործընկերության կողմից ֆինանսավորվող ՍՀԿ ծրագրի շրջանակներում ավելի քան 3 միլիոն եվրո տրամադրվող գումարներով:

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների վարկավորման պատասխանատու Լասլո Բարանյայը շեշտեց, որ սահմանային անցակետը երկրի գլխավոր այցեքարտերից մեկն է: «Այս անցակետը տեղակայված է շատ գեղեցիկ լանդշաֆտի գոտում: Ես այսօր ականատես եղա, թե ինչպես են ԵՆԲ-ի և ԵՄ ֆինանսական ներդրումներն օգնում արդիականցնել Հայաստանի համար այս կարևոր սահմանային անցակետը, որը շատ կարևոր է Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող ապրանքաշրջանառության արդյունավետ կառավարման համար»,- ընդգծեց նա` հիշեցնելով, որ վերջին հինգ տարվա ընթացքում  Եվրոպական ներդրումային բանկը ՀՀ-ում ներդրել է ավելի քան 212 միլիոն եվրո:

Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման շինարարական աշխատանքներն իրականացնող գլխավոր կապալառուն է ֆրանսիական «ՍԱԴԵ» կոնսորցիումը: Շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողությունը վստահվել է բելգիական «ՍԱՖԵԺ Քոնսալթինգ Էնջինիրզ» ընկերությանը:

«ՍԱԴԵ» կոնսորցիումի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Շահին Բուտուիլիան նշեց, որ շատ գոհ է շինարարական աշխատանքների ընթացքից: «Բագրատաշենի սահմանային անցակետը դառնալու է այս տարածաշրջանի ամենախոշոր և ամենարդիական սահմանային անցակետը, որը նախատեսված է լինելու օրական 1200 տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշենի սահմանային անցակետում տեղադրվելու են ֆիտոսանիտարական լաբորատորիաներ, որում ստուգվելու են ներկրվող սննդային ապրանքների որակը, իսկ ինչ-ինչ պատճառներով մաքսատանը երկար ժամկետով մնացած շուտ փչացող ապրանքները տեղադրվելու են առանձին սառնարանային խցիկում. տեղադրվելու են հատուկ վերահսկող  ռենտգենային սարքավորումներ, որոնց  շնորհիվ կարելի  է զննել նաև սահմանը հատող յուրաքանչյուր անձի»,- նկատեց նա` ակնկալելով, որ Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման աշխատանքները ավարտին կհասցվեն 2016 թվականի գարնանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]