Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստակամ է աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը. ՀՀ վարչապետ

Հայաստանը պատրաստակամ է  աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը. ՀՀ 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ հանդիպմանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և համագործակցության խորացմանը՝ մասնավորապես ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքման համատեքստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետի և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում: Հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյանները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն ընդլայնելու և նոր թափ հաղորդելու հայ-իրանական համագործակցությանը: Քննարկվել է հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

«Եվս մեկ անգամ գոհունակություն հայտնեցինք Իրանի միջուկային ծրագրի շուրջ կայացած բանակցությունների  դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության, կայուն զարգացման, ինչպես նաև նոր հնարավորություն կբացեն Իրանի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության համար: Բանակցությունների ընթացքում քննարկված հարցերը, մասնավորապես, վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերին, տրանսպորտային ենթակառուցվածքներին, գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին և հումանիտար ոլորտի, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերին: Մանրամասն անդրադարձանք Հայաստան-Իրան բարձրավոլտ էլոկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքներին: Հաշվի առնելով նշված ծրագրերի կարևորությունը՝ ուրախությամբ փաստեցինք, որ կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են՝ հույս հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն սահմանված ժամանակացույցին համաձայն՝ 2018 թվականին»,- նշեց ՀՀ վարչապետը:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծի առանցքային դերը տարածաշրջանային փոխգործակցության բարելավման և տնտեսական աճի ապահովման հացում, ինչպես նաև՝ մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման կարևոր խնդիրը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը՝ որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման արդյունավետ միջոց:

Էսհաղ Ջահանգիրին իր հերթին նշեց, որ տնտեսական բնագավառում Իրանի հաջողությունները «5+1» բանակցությունների շրջանակում նոր և դրական պայմաններ են ստեղծում հարաբերությունների զարգացման համար՝ բացելով նոր բնագավառներ: «Հայաստանի միանալը Եվրասիական տնտեսական միությանը նոր պատուհան է բացում երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Ազատ տնտեսական գոտիների առկայությունը և հատկապես «Արաքս» տնտեսական ազատ գոտու գոյությունը ևս դրական պայմաններ են ստեղծում տնտեսական կապերի զարգացման համար»,- ընդգծեց ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Հայաստան է այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսված են նաև Իրանի նախագահի առաջին տեղակալի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի մասնակցությամբ Երևանում տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողով: Նախատեսված է նաև ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալի այցը Մատենադարան, որտեղ նա կմասնակցի Անտուան և Անդրե Սևրուգյանների ցուցահանդեսի բացման արարողությանը: Էսհաղ Ջահանգիրին կայցելի նաև Երևանի «Կապույտ» մզկիթ, կմասնակցի «Կապույտ» մզկիթի հիմնադրման 250-ամյակին նվիրված ընդունելությանը: 

Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992թ. փետրվարի 9-ին: 1992թ. ապրիլին Երեւանում տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության բացման հանդիսավոր արարողությունը: 1992թ. դեկտեմբերին Թեհրանում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Երկու երկրների իրավապայմանագրային դաշտը կազմում են շուրջ յոթ տասնյակ փաստաթղթեր` համաձայնագրեր, արձանագրություններ, հուշագրեր, համատեղ հայտարարություններ և այլն:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]