Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարության կատարած աշխատանքները

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտում կառավարության կատարած 
աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 8-րդ «Արմթեք-Կոնգրես-2015» համաժողովի՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հատուկ նիստին և հանդես եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին ԱՀ կառավարության հրավերն ընդունելու և Արցախում նիստ գումարելու համար:

Կարևորելով  համաժողովի նշանակությունն իբրև տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ` վարչապետն անդրադարձել է բնագավառում կառավարության կատարած աշխատանքներին և ներկայացրել իր պատկերացումները հետագա անելիքների վերաբերյալ: Արայիկ Հարությունյանը միջոցառման ընթացքում նաև պատասխանել է մասնակիցների հարցերին՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվ համագործակցել համաժողովում ներկայացված ձեռնարկությունների հետ:

Տեխնոլոգիական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարներ և ԱՀ պետական պաշտոնյաներ հանդես են եկել զեկուցումներով: Բանախոսները, խոսելով բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումների և սկսնակ ընկերությունների հաջողությունների մասին, իրենց ելույթներում ընդգծել են նորարար տեխնոլոգիաների կարևոր դերը տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում և սահմանների անվտանգության ապահովման հարցում:

Նիստի ընթացքում քննարկվել են Արցախում ՏՏ ոլորտի զարգացման միտումներին, տեխնոլոգիական կրթության կազմակերպմանը, կադրերի վերապատրաստմանը, միջազգային համագործակցության խթանմանը, ներդրումների ներգրավմանը և սկսնակ ընկերությունների կայացմանը վերաբերող հարցեր:

Համաժողովին մասնակցել են ՀՀ և ԱՀ տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՏՏ ոլորտի մասնագետներ և ուսանողներ Արցախից:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի ելույթում, մասնավորապես, ասել է. 

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ և հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհակալություն հայտնում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովի կազմակերպիչներին մեր հրավերն ընդունելու և 8-րդ՝ «ԱրմԹեք-Կոնգրես-2015» համաժողովի հատուկ նիստն Արցախում անցկացնելու համար: Համոզված եմ, որ այն կհանդիսանա լավագույն հարթակ գործարար շփումների համար և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա ծանոթանալու Արցախի տեխնոլոգիական զարգացման ներուժային հնարավորություններին, ինչպես նաև՝ քննարկելու, որոնելու և ծրագրելու դրանց իրացման արդյունավետ ուղիները:

Մենք կարևորում ենք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը որպես տնտեսության առաջընթացի ու բնակչության կենսապայմանների բարելավման հիմնական գործոն: Դրանք այսօր պահանջված են ամենուր՝ գիտության, կենցաղի, պետական կառավարման, գործարարության, երկրի անվտանգության ապահովման մեջ, որպեսզի իրենց յուրահատուկ մեթոդներով նպաստեն տարաբնույթ խնդիրների արդյունավետ լուծմանը: 

Տարբեր առիթներով նշել ենք Արցախի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտության մասին` պայմանավորելով այն զարգացման այնպիսի ձևի ընտրությամբ, որում համակողմանիորեն հաշվի են առնված առկա իրողությունները, մասնավորապես, ազգաբնակչության գիտակրթական ներուժի համեմատական բարձր մակարդակը և բնական գիտությունների հանդեպ նրա հակվածությունը, ինչպես նաև տարածքային, բնական պաշարների և տրանսպորտային ուղիների սահմանափակումները:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա զարգացումների ընթացքը, Արցախի յուրահատուկ իրավիճակը և մեր շուրջը  տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունները՝ կուզենայի ընդգծել հայրենական տեխնոլոգիաների զարգացման և դրանց կիրառման չափազանց կարևոր նշանակությունը մեր հանրապետության պաշտպանության բնագավառում: Այդ տեսակետից բացարձակ առավելության ձեռք բերումը մեր արդիական խնդիրներից մեկն է հանդիսանում:

Հարգելի՛ ներկաներ, Արցախի իշխանությունները, որդեգրելով տեխնոլոգիական զարգացմանը նպաստող ռազմավարություն, աստիճանական քայլեր են ձեռնարկում ոլորտում համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, կադրերի պատրաստման ու վերապատրաստման, նոր ձեռնարկությունների ստեղծման համար բարենպաստ պայմանների ապահովման  ուղղությամբ:

Այս տեսակետից հատկանշական է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի» հիմնադրումը: Այն պետք է յուրօրինակ բարենպաստ միջավայր ապահովի արդեն իսկ կայացած ու նոր ձևավորվող կազմակերպությունների շփման, գործակցային կապերի ստեղծման և պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մեխանիզմների կիրառման համար: Հիմնադրամը կոչված է նպաստելու նաև ոլորտի կայացման համար ամենաէական խնդրի՝ կադրային հարցի լուծմանը՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պահանջված կադրերի պատրաստման ու վերապատրաստման ծրագրերի իրականացման համար լավագույն պայմանների տրամադրման միջոցով:

Տարիներ շարունակ մեր հանրապետության թե՛ դպրոցներում, և թե՛ բուհերում իրականացվել են և այժմ էլ իրականացվում են համապատասխան կրթական ծրագրեր: Արցախի պետական համալսարանի  բնագիտական ֆակուլտետը ներկայումս թողարկում է կառավարման տեղեկատվական համակարգեր, ֆիզիկա, մաթեմատիկա և համակարգչային գիտելիքներ, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա, հեռահաղորդակցություն մասնագիտությունների գծով շրջանավարտներ: Այս ուսումնական տարում նշված մասնագիտություններով բակալավրիատի կուրսը կավարտի 218 շրջանավարտ: Վերջին հինգ տարիների ընթացքում բնագիտական և ճարտարագիտական մասնագիտությունների գծով որակավորված երիտասարդների թիվը գերազանցում է 700-ը: Մենք համոզված ենք, որ սա այն ներուժն է, որը ճիշտ մոտեցումների պարագայում ունակ է ապահովելու մրցակցային առավելություն:

Տեղին է մատնանշել կադրերի վերապատրաստման՝ «Սինոփսիս Արմենիա» և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունների համատեղ ծրագիրն Արցախի մայր բուհում, ինչպես նաև «Ինստիգեյթ Սիսթեմս» և «Սիներջի Սիսթեմս» արցախյան ընկերությունների հիմնադրման օրինակները: Բոլորովին վերջերս Ստեփանակերտում բացված Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն իր առաքելությամբ ևս կնպաստի ոլորտի կադրային ներուժի զարգացմանը: Ցանկալի է, որ նման նախաձեռնությունները շատանան, քանզի դրանից է մեծապես կախված ոլորտի հետագա առաջընթացը:

Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, նոր ընկերությունների ստեղծման համար Արցախը գրավիչ է նաև իր՝ հետևողականորեն  բարելավվող գործարար և ներդրումային միջավայրով: Մասնավորապես, այստեղ գործում են ձեռնարկությունների հիմնադրման, հաշվետվությունների ներկայացման պարզ համակարգեր, նվազագույնի են հասցված տեսչական հսկողությունը և պետական անհարկի միջամտությունները, առկա է մեղմ հարկային դաշտ: Նախատեսում ենք ապահովել նաև հարկային արտոնյալ պայմաններ ոլորտի ընկերությունների համար: Այս ամենը լուրջ նախադրյալներ են արդյունավետ ներդրումների իրականացման համար:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական առաջընթացի տեմպերն ու ոլորտի ունեցած ներդրումը տնտեսական զարգացման գործում, ինչպես նաև կարևորելով երկու հայկական պետությունների միջև ինտեգրացիոն գործընթացները՝ կառավարությունն այսուհետ ևս աջակցելու է Արցախում տեխնոլոգիական զարգացման համապատասխան տեմպերի ապահովմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանը՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև աննախադեպ և ոչ ստանդարտ մոտեցումներ: 

Նախատեսում ենք ոլորտի սկսնակ ձեռնարկություններին ֆինանսական աջակցության ցուցաբերումն  իրականացնել գործուն մեխանիզմների կիրարկմամբ՝ այդ գործում ակնկալելով ձեր համագործակցությունը և օժանդակությունը, ինչը չափազանց կարևոր է մեզ համար: Համոզված ենք, որ դա լուրջ խթան կհանդիսանա Արցախում նոր և բարձրարժեք աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական ներգաղթի ծավալների ավելացման ու արտագաղթի կանխարգելման համար և շոշափելի արդյունքներ կապահովի ռազմավարական կարևորություն ներկայացնող այս ոլորտի կայացման գործում:

Ամփոփելով ելույթս՝ ցանկանում եմ կրկին շեշտադրել տեխնոլոգիական զարգացման ռազմավարական նշանակությունն Արցախի տնտեսական զարգացման ապահովման և անվտանգության ամրապնդման գործում և նշել, որ մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկել ցանկացած համարձակ ու կառուցողական առաջարկ, իրականացնել համատեղ ծրագրեր՝ կյանքի կոչելով փոխշահավետ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններ:

Հուսով ենք, որ այս համաժողովը կլինի արգասաբեր և կնպաստի Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ արձանագրելով ևս մեկ առաջընթաց քայլ այդ ուղղությամբ:

Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ և ամենայն բարիք:

Շնորհակալություն»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am