1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մինչև հայերին ճանաչելն իմ աշխարհը շատ աղքատ էր. Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քեմալ Յալչնին

Մինչև հայերին ճանաչելն իմ աշխարհը շատ աղքատ էր. Հրանուշ Հակոբյանն ընդունել է Քեմալ 
Յալչնին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝  նախարարն ասել է. «Ուրախ եմ հանդիպել հարգարժան գրողին և «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ուրախ եմ նաև, որ Կարինե Քոչարյանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործությունը թատերականացվել է: Ծանոթ եմ գրքի բովանդակությանը և ուզում եմ ընդգծել, որ կարևոր է, երբ մեզ համար ցավոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առավել գնահատելի է թուրք մտավորականության կեցվածքը հարցի վերաբերյալ: Այս իմաստով պարոն Յալչնն ապացուցում է, որ ճշմարտությունը նրա համար ավելի կարևոր է, քան ազգությունը:

Մեծապես գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախությունը և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու կարողությունը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանությունները հանցագործությունից 100 տարի անց էլ չեն ուզում ընդունել կատարվածը և իրենց ուսերից թոթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնավոր դոլլարներ են ծախսում իրենց ժխտողական քաղաքականությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու վրա: Ավելին, այսօր էլ տարբեր դրսևորումներով ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց նախարարը՝ խոսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազուրկ եղած սփյուռքահայության ամենօրյա հոգեկան տվայտանքների և այլ իրողությունների մասին:

Խորին ցավակցություն հայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարված  վայրագությունների համար` Քեմալ Յալչնը նշել է. «Ինձ համար պատիվ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, և միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացա ամբողջ ճշմարտությունը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից  ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է, որ վերականգնվի Հայաստանի և Թուրքիայի սահմանները միացնող  կամուրջը: Ես հավատում եմ, կգա օրը, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանում, և իհարկե, թուրքերը պարտավոր են այս ամենի համար երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:

 Այնուհետև գրողը խոսել է Երևանից ստացած իր տպավորությունների մասին՝ նշելով, որ չափազանց տպավորված է` տեսնելով, թե ինչպես Երևանի փողոցները կրում են գրողների, բարեգործների և արվեստագետների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անվանակոչվում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաև հույս է հայտնել, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կզարգանան՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և դա կտա իր ցանկալի արդյունքը: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցավը հաղթահարելու ճանապարհին»,-նշել է նա:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Քեմալ Յալչնին նվիրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշանվերներ և նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը: Նախարարը նաև հաջողություն է մաղթել «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին և հույս հայտնել, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կառնչվեն ոչ միայն հիշողության ցավին, այլև ճշմարտության լույսին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]