Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կապսի ջրամբարի կառուցումը կնպաստի Շիրակում գյուղատնտեսության զարգացմանը

Կապսի ջրամբարի կառուցումը կնպաստի Շիրակում գյուղատնտեսության զարգացմանը

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապսի ջրամբարի կառուցումը Շիրակում գյուղատնտեսության ոլորտի համար անչափ կարևոր է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը՝ հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ այս ջրամբարի շնորհիվ մարզում կավելանան ջրովի տարածքները: «Շինարարությունը նախատեսվում է 2016-ին, իսկ մինչ այդ նախագծման փուլն է: Այդ ջրամբարի կառուցմամբ մարզը գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ կունենա»,-նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ջրամաբարը, որի շինարարական աշխատանքերը մեկնարկել էին դեռ 1980-ական թվականներին, նախնական նախագծով ունենալու էր 90 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն շինարարությունն ինչ-ինչ պատճառներով ավարտին չհասցվեց, իսկ 1993 թվականին աշխատանքները կասեցվեցին: Մարզում հիմնական աղբյուրները, որոնք ապահովում են ոռոգման համակարգերը ջրով, կա՛մ թերբեռնված են, կա՛մ կիսով չափ են լցվում: Ցավոք, նույնիսկ տեղումների դեպքում, ջրամբարներում կա  ջրի նվազում: Մարզում ոռոգման խնդիրը լուծելու առաջին քայլը Կապսի ջրամբարի կառուցումն է: 

Ջրամբարի տեխնիկական հանարավորությունները ներկայացնելով` Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեղության վարչության պետ Մովսես Մանուկյանը տեղեկացրեց, որ կառուցվելու է պատվարը, հետո ջրամաբարը` նախ 25 մլն խորանարդ տարողությամբ, ապա, հաշվի առնելով պատվարի հնարավորությունները, ջրամբարի ծավալը կարող է հասցվել մինչև 60 մլն խորանարդի: 25 մլն խորանարդ տարողությամբ ջրամբարը կարող է ոռոգելի դարձնել շուրջ 8 հազար հեկտար տարածք, ևս 4  հազար հեկտարում ջրթողը հնարավոր կլինի կազմակերպել ըստ պահանջի՝ 3 անգամ: Հետագայում, ջրամբարի ծավալների ավելացման դեպքում, կօգտվի նաև հարևան Արագածոտնի մարզը:

Կապսի ջրամբարի վերականգնման նախապատրաստական աշխատանքների  հարցը քննարկվել է հոկտեմբերի 7-ին նախագահ Սերժ Սարգսյանի՝  Շիրակի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում: ՀՀ կառավարությունը դեռ  2013 թվականի օգոստոսի 8-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է ջրամբարի վերականգմանը, մասնավորապես, պատվարի բարձրացմանը, ինչի շնորհիվ ինքնահոս համակարգով ոռոգման ջուր կմատակարարվի Ախուրիկ, Երազգավորս« Ղարիբջանյան, Գետք« Բայանդուր, Շիրակավան և Լուսաղբյուր համայնքներին։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]