Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

Պարզվել է Տավուշում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են  Հաղարծին գյուղում  Տ. Թամրազյանի նկատմամբ կատարված սպանության փորձի մի շարք հանգամանքներ և շարժառիթը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մեղադրանք է առաջադրվել առերևույթ հանցագործություն կատարած անձին:

Նախնական քննության տվյալներով, 2015 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, Հաղարծին գյուղի կենտրոնում Տ. Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ. Պետրոսյանը՝  ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։  Կրակոցի հետեւանքով Տ. Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։

2015 թվականի հոկտեմբերի 9-ին Գ. Պետրոսյանը ձերբակալվել է։ Հանցագործության գործիք հանդիսացող «ՏՕԶ-8» մոդելի 5.6 մմ տրամաչափի հրացանն առգրավվել է։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին Գ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝  նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ