1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ գիտնականները կնախագծեն «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիստական նոր երթուղի

Երիտասարդ գիտնականները կնախագծեն «Դիլիջան» ազգային պարկի էկոտուրիստական նոր երթուղի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Էկոտուրիզմի կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման միտումները» խորագրով երիտասարդական գիտական դպրոցը, որը կազմակերպել է «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» հասարակական կազմակերպությունը: ՀԿ ղեկավար Կառլեն Խաչատրյանը, խոսելով գիտական դպրոցի մասին, նշել է, որ այն նպատակ ունի ոլորտի երիտասարդ գիտնականներին ներկայացնելու էկոտուրիզմի միջազգային փորձը, ժամանակակից միտումները։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դպրոցը բաղկացած է երկու փուլից. առաջին՝ երևանյան փուլում մասնակիցները կծանոթանան էկոտուրիստական երթուղիների մշակման տեխնիկային, մեթոդաբանությանը։ Իսկ երկրորդ՝ գործնական փուլում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում իրականացվելու են դաշտային աշխատանքներ, և նախագծվելու է էկոտուրիստական նոր երթուղի։ Աշխատանքների արդյունքը տրամադրվելու է «Դիլիջան» ազգային պարկի ղեկավարությանը։ Կառլեն Խաչատրյանը նշել է, որ զբոսաշրջության բնագավառում այսօր էկոտուրիզմը շատ արագ զարգացող և մեծ պահանջարկ վայելող ուղղություն է, այս առումով Հայաստանն աշխարհին ներկայացնելու շատ բան ունի։ Սեմինարին երիտասարդ գիտնականներին իր փորձն է փոխանցում ԵՊՀ սերվիսի ամբիոնի դասախոս, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գոռ Ալեքսանյանը։ Վերջինս, կարևորելով նման ծրագրերը, նշել է, որ եթե մենք դառնում ենք համաշխարհային հանրության մասնիկ ու ընդունում ենք նրա զարգացման գաղափարախոսությունը, ապա պետք է իմանանք, որ այն միտված է կայուն ապագային։ Եվ դրա հիմքերը դրվում են երիտասարդ սերնդին կրթելով։ Գոռ Ալեքսանյանը ներկայացրել է «Կայուն զբոսաշրջության կառավարման ռազմավարական ուղղությունները և լեռնային երկրներում կիրառման հնարավորությունները» թեման՝ տալով մեթոդական ցուցումներ՝ ինչպես կարելի է զբոսաշրջությունը կառավարել կայուն կերպով, և մասնավորապես, ինչպիսի հիմնախնդիրներ կան լեռնային երկրներում զբոսաշրջության կայուն զարգացումն ապահովելու համար։ Բանախոսն անդրադարձավ նաև էկոտուրիստական էքսկուրսիաների կազմակերպման տեխնոլոգիային։

Լուիզա Ավետիսյանը գիտական դպրոցի մասնակիցներից է։ Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, մասնագիտությամբ բնօգտագործման տնտեսագետ է։ Մասնակցելով գիտական դպրոցին՝ Լուիզան նպատակ ունի գիտելիքները հարստացնել նաև էկոտուրիզմի ոլորտում։

Սեմինարի ընթացքում վերլուծվել է նաև զբոսաշրջության կայուն զարգացման միջազգային փորձը, ներկայացվեց աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը տուրիստական երթուղիների մշակման գործում, անդրադարձ եղել բազմաթիվ այլ թեմաների։

Գիտական դպրոցն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]