Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն ամեն հայի պարտքն է համարում հայրենիքի բարգավաճմանը նպաստելը

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն ամեն հայի պարտքն է համարում հայրենիքի 
բարգավաճմանը նպաստելը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿԵՏՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յուրաքանչյուր հայ պետք է իր կարևոր աշխատանքը համարի հայրենիքի բարգավաճմանը նպաստելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանը, ով ԱՄՆ բազմափորձ բժիշկների պատվիրակության հետ ժամանել է Հայաստան՝ մարզերի  կարիքավոր բնակիչներին բժշկական օգնություն և խորհրդատվություն տրամադրելու նպատակով: «Պետք չէ պատվավոր հյուպատոս լինել հայրենիքի զարգացմանն աջակցելու համար: Յուրաքանչյուր ներդրում կարևոր է: Մեր բոլորիս ամենակարևոր աշխատանքը պետք է լինի հայրենիքի բնակչության տարբեր շերտերի կյանքի բարելավմանն օգնելը: Հայրենիքը չենք կարող հզորացնել խոսքով. գործարար աշխարհում պետք է ակտիվ լինենք»,- նշում է ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Ամերիկացի բժիշկների բժշկական և ատամնաբուժական առաքելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության հովանու ներքո: Առաջարկը եղել է Պերճ Ապգարյանինը, որը մեծ գոհունակությամբ ընդունվել է նախարարության կողմից: Առաքելության նպատակն է անմիջական բժշկական և ատամնաբուժական օգնություն ցուցաբերել մարզերի կարիքավոր բնակինչերին և վերապատրաստման դասընթացներ անցկացնել տեղի բժիշկների հետ: 25 հոգանոց պատվիրակության կազմում ժամանել են ամերիկացի մասնագետ վիրաբույժներ, գինեկոլոգներ, ուռուցքաբաններ, մանկաբույժներ, բուժքույրեր և թագմանիչներ, ովքեր արդեն մեկնել են Արմավիրի, Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի բժշկական կենտրոններ, ծանոթացել տեղի բուժաշխատողներին, հիվանդանոցների ապահովվածությանը, զննել բուժում ստացողներին:

Նրանք իրենց հետ բերել են անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և պարագաներ, որոնք տրամադրելու են տեղի բուժական հաստատություններին: «Առաջին այցը նաև ճանաչողական բնույթ ունի: Նպատակն է տեղում ծանոթանալ մարզերում առողջապահության ոլորտի կարիքներին և հաջորդ տարիներին ավելի թիրախավորված և պատրաստված ժամանել: Ծրագիրն ամենամյա բնույթ է կրելու»,- հայտնեց Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսը:

Գնահատելով ՀՀ առողջապահության ոլորտում կատարվող աշխատանքները՝ Ապգարյանը հատկապես կարևորեց, որ հատուկ ուշադրություն է դարձնում հանրային առողջապահության մակարդակի բարձրացմանը:

Հյուպատոսական գործունեության մասին խոսելիս` Պերճ Ապգարյանն ուրախությամբ արձանագրեց, որ թեև հյուպատոսարանը 11 ամսվա կյանք ունի, այն մեծ աշխուժություն է մտցրել համայնքային կյանքում: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության դրոշը ծածանել Ֆրեզնոյի ամենաբարձր շենքի վրա: Մեր գրասենյակն ամբողջովին ստանձնել է հյուպատոսական գործերը, և Ֆրեզնոյի հայ մեծ համայնքի անդամներն այլևս ստիպված չեն լինում հասնել Լոս Անջելես: Սեպտեմբերի 21-ին համայնքի հետ մեծ շուքով տոնեցինք Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Բանակցություններ ենք վարում Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ` Վիլիամ Սարոյանի տան նկատմամբ իրավասություն ստանալու համար, որպեսզի հետագայում այն թանգարան դարձնենք»,- ասաց նա:

Ավելի քան 50  հազար բնակչություն ունեցող Ֆրեզնոն նաև ԱՄՆ առաջին քաղաքն էր, որ ճանաչեց Արցախի անկախությունը, ինչին հաջողվել է հասնել յոթ օրում՝ պարոն Պերճ Ապգարյանի ջանքերի շնորհիվ: 2014 թվականին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի Ֆրեզնո կատարած այցի ժամանակ քննարկվել էին  Արցախում տարբեր ծրագրերի իրականացման և հետագա համագործակցության մասնրամասները: «Մենք սատարում ենք և հավատում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Ինձ համար 2013 թվականի ապրիլի 23-ը շատ կարևոր օր է»,- շեշտեց Ապգարյանը: Մեր հարցին, թե համագործակցության ինչպիսի հնարավորություններ կան հայ համայնքի և Արցախի հանրապետության միջև, պատվո հյուպատոսը հավելեց. «Չեմ թաքցնի` մի շարք խոչընդոտներ կան՝ հատկապես տնտեսական ոլորտում. ներմուծման խնդիրներ կան: Աշխատում ենք հաղթահարել այդ խնդիրները, և վստահ եմ, որ Արցախի Նախագահի հետ մեր երկրորդ հանդիպմանը մեր կապերն ավելի ամրապնդված կլինեն»:

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների խմբի աշխատանքների մասին նորություններ հնարավոր է ստանալ հետևելով Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]