Երևանյան բեսթսելեր 3/33. Մարկես, Հովհաննիսյան, Ֆիցջերալդ…
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Արեգ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երկրորդ հորիզոնականում է:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ չորրորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, հինգերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Վեցերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:
Ջորջ Օրուելի «1984» վեպը յոթերորդն է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Ռումինահայ քաղաքական գործիչ և գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը ութերորդ հորիզոնականում է: Հայոց ցեղասպանության արհավիրքների և օտար ափերում վերապրել փորձող հայ տարագիրների մասին գրեթե փաստագրական ճշգրտությամբ պատմող այս ցնցող գործը վերահրատարակվել է հայերեն:
Թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունն իններորդն է: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին», որն առաջին անգամ լույս է տեսել 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես/Արեգ | 26/7 | |
2 | +2 |
Էդգար Հարությունյան «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» |
Անտարես | 14 | |
3 | +5 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Սերը ժանտախտի օրերին» |
Բուկինիստ | 13 | |
4 | +1 |
Վահան Հովհաննիսյան «Մանդիլիոն» |
Անտարես | 13 | |
5 | +2 |
Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն» |
Բուկինիստ | 8 | |
6 | -4 |
Քրիս Բոհջալյան «Ավազե ամրոցի աղջիկները» |
Ծիծեռնակ | 8 | |
7 | * |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 8 | |
8 | +1 |
Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան» |
Անտարես | 7 | |
9 | +1 |
Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը» |
Անտարես | 6 | |
10 | * |
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին» |
Զանգակ | 6 |
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում