Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Կոմիտաս» փառատոնը հատեց եզրագիծը

«Կոմիտաս» փառատոնը հատեց եզրագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան երգչախմբերի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթի դափնեկիրների ելույթներով եզրափակվեց «Կոմիտաս» փառատոնը: Հոկտեմբերի 8-ին վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտում անցկացվեց մանկական խմբերգային արվեստի երեկո:  

«Փառատոնի ձեռքբերումը լավ համերգներն էին, Հայաստանի լավագույն երաժիշտներից շատերի ելույթները: Ձեռքբերում էր Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երաժշտությունը ևս մեկ ագամ բարձր մակարդակով հնչեցնելը: Փառատոնի նպատակն է ապագայում ունենալ «Կոմիտաս» միջազգային փառատոն, որը պետք է ունենա նաև իր գիտական բաղադրիչը: Կոմիտասի և հայ կոմպոզիտորական դպրոցի հանրահռչակման ևս մեկ հարթակ ստեղծելու նպատակ ունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կոմիտաս» փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

Նա հիշեցրեց, որ այս տարի ընդլայնվել էր փառատոնի ձևաչափը, և, Կոմիտասի ստեղծագործություններից բացի, համերգային երեկոների ընթացքում հնչել են նաև այլ հայ կոմպոզիտորների գործեր:

Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը նկատեց, որ փառատոնի մեջ մեծ խորհուրդ կա:

«Կարևոր է, որ մենք այս փառատոնը նվիրում ենք հայ դասական երաժշտարվեստի գլուխգործոց Կոմիտասին ու, զուգահեռաբար, այն մարդկանց, ովքեր կերտում են հայ կոմպոզիտորական դպրոցը: Մենք գիտենք, որ Կոմիտասը փայլուն բանահավաք էր, կոմպոզիտոր, հիանալի խմբավար, առանձնահատուկ երգիչ էր: Եվ նա կարողացավ մեր ժողովրդից հավաքագրել և մեր ժողովրդին վերադարձնել մեր հողի և ջրի նման մաքուր ազգային երգը»,- ընդգծեց նա:

Դավիթ Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ մանկապատանեկան երգչախմբերի «Երգող Հայաստան» հանրապետական մրցույթի դափնեկիրները մինչև համերգը ծաղիկներ են դրել Կոմիտասի շիրիմին և շրջել են վարդապետի անունը կրող թանգարան-ինստիտուտի տարածքով:

Կոմիտաս վարդապետի խմբերգային, մանկական, վոկալ և դաշնամուրային ստեղծագործությունները մի քանի օր շարունակ ներկայացվեցին երաժշտասերների դատին: Սեպտեմբերի 26-ին` Կոմիտասի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Կոմիտաս» փառատոնը: Երկրորդ տարին անցկացվող փառատոնի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն` Ամենայն հայոց մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ, որը ներկայացրեց Կոմիտասի «Պատարագ»-ը:

Փառատոնի նախաձեռնողներն էին ՀՀ մշակույթի նախարարությունը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Միջոացառմանը մասնակցում էին Հայաստանի պետական ազգային ակադեմիական (գեղարվեստական ղեկավար` Հովհաննես Չեքիջյան), «Հովեր» (գեղարվեստական ղեկավար` Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային (գեղարվեստական ղեկավար`Հարություն Թոփիկյան), երգչախմբերը «Գեղարդ» երգեցիկ խումբը (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան), ինչպես նաև մեներգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո), Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը (բարիտոն), դաշնակահարներ՝ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, Արմեն Աղաջանյանը: 

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]