Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էրդողանի որդին փախել է Իտալիա` սպասելու Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների արդյունքներին

Էրդողանի որդին փախել է Իտալիա`   սպասելու Թուրքիայում անցկացվելիք  ընտրությունների 
արդյունքներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին` Բիլալ Էրդողանը, ում անունը հոլովվել էր դեռեւս 2013 թվականի վերջին այդ երկիրը ցնցած միլիարդավոր դոլարների կոռուպցիոն սկանդալում, հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո ընտանիքով Թուրքիայից հեռացել է Իտալիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ջումհուրիեթ» թերթի ձեռք բերած տեղեկություններով` Բիլալ Էրդողանը Իտալիա է մեկնել John Hopkins համլասարանի Բոլոնիայի կենտրոնում ավելի վաղ տարիներին սառեցրած դոկտորական աշխատանքը շարունակելու համար:

Թերթին այդ մասին հայտնած աղբյուրների համաձայն` Բիլալ Էրդողանի Իտալիա հեռանալը կապվում է հունիսյան խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կրած պարտության հետ, ինչի արդյունքում ԱԶԿ-ին չի հաջողվել եւս 4 տարով պահպանել միակուսակցական համակարգը, իսկ սա նշանակում է, որ վտանգվել է նաեւ նրա հոր` Թայիփ Էրդողանի` Թուրքիան նախագահական համակարգով երկրի վերածելու ջանքերը: Բիլալ Էրդողանին եւ նրա ընտանիքին Իտալիայում մեծ թվով թիկնապահներ են հսկում:

Թերթին հայտնի է դարձել, որ Բիլալ Էրդողանը դոկտորական թեզը John Hopkins միջազգային հարաբերությունների դպրոցի` SAIS-ի Բոլոնիայի կենտրոնում սկսել է դեռեւս 2007 թվականին` «Եվրոպացի մուսուլմաններ» թեմայով, սակայն, հետագայում այն փոխել է «Տնտեսական զարգացման տարածաշրջանային տարբերությունների կարեւորությունը» թեմայի: Դրանից հետո նա առանց ավարտելու թեզը վերադարձել էր Թուրքիա եւ զբաղվել խոշոր բիզնեսով:

Թերթին հայտնի է դարձել, որ Իտալիայում Բիլալ Էրդողանի Բոլոնիայում գրանցման հասցեն Via Luzzo-ում է, սակայն, իրականում նա բնակվում է Բոլոնիայից գնացքով կես ժամ հեռավորության վրա գտնվող Մոդենա քաղաքի Campogalliano թաղամասում:

Հետաքրքիր է, որ Թուրքիայում քաղաքական բացահայտումներով հայտնի Ֆուաթ Ավնի կեղծանունով Twitter-ի գաղտնի օգտատերը հայտնել է, թե կանխազգալով, որ կարող է նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում եւս հաջողություն չունենալ, Էրդողանը Բիլալին միլիարդավոր դոլարներով եւ զինված թիկնապահներով հեռացրել է Թուրքիայից:

«Այնպես է ծրագրված, որ Բիլալը Իտալիայում երկար է մնալու եւ հնարավոր է` հյուրընկալի նաեւ Էրդողանների ընտանիքի մյուս անդամներին: Բիլալին հնարավորություն է ընձեռվել Իտալիայից կառավարել Շվեյցարիայում եւ այլ երկրներում Էրդողանի ունեցած միլիարադավոր դոլարների հասնող ֆինանսական միջոցները»,- գրառել է Ֆուաթ Ավնին:

Նա նաեւ նշել է, որ Բիլալին Թուրքիայից հեռացնելու ծրագիրը մշակվել է` վախենալով այն բանից, որ հնարավոր է ԱԶԿ-ն պարտություն կրի նոյեմբերի 1-ի ընտրություններում:

«Բիլալ Էրդողանը Իտալիայում կմնա մինչեւ ընտրություններ, իսկ ընտրություններից հետո նրա Թուրքիա վերադարձը կորոշվի ըստ իրավիճակի»,- գրել է Ֆուաթ Ավնին:

2013 թվականի դեկտեմբերի կեսերին այդ երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալից անմիջապես հետո, որով բացահայտվել էր թուրքական կառավարության անդամների, այդ թվում` այն ժամանակ Թուրքիայի վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: Իրավապահ եւ դատական համակարգերը գյուլենականներից «մաքրելու» գործընթացը Թուրքիայում շարունակվում է մինչ օրս:

«Ջումհուրիեթ»-ը գրել է, որ Թուրքիայից հեռացել է նաեւ այդ կոռուպցիոն սկանդալի մասնակից գործարար Ռզա Սառաֆը, ում անվան հետ են կապվում Էրդողանի զավակների եւ թուրքական կառավարության մի քանի նախարարների հարյուր միլիարդավոր դոլարների հասնող կոռուպցիոն գործողությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]