Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը կնվիրվի Ցեղասպանության տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արվեստների պատկերասրահ» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի կազմկոմիտեից, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվող փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը: Փառատոնին կմասնակցեն տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից: Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:

Փառատոնի հանդիսավոր բացման համերգին` հոկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ կհնչի Ստեփան Լուսիկյանի «Դեպի Գողգոթա» դաշնամուրային կոնցերտը` ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի մենակատարմամբ: Նույն համերգին հանդիսատեսը  նաև հնարավորություն կունենա ունկնդրելու երկար տարիներ երևանյան համերգասրահներում չկատարված` Էդգար  Հովհաննիսյանի «Կոնցերտ Բարոկո»-ն (մենակատար` Անի Բատիկյան, Մեծ Բրիտանիա), Ալֆրեդ  Շնիտկեի  «Թիվ 1 Կոնչերտո Գրոսսո»-ն (մենակատարներ` Անի Բատիկյան, Աստղիկ Վարդանյան), Տիգրան  Մանսուրյանի «Ֆանտազիա դաշնամուրի և լարայինների համար» ստեղծագործությունը (Սվետլանա Նավասարդյան): Փառատոնի հանդիսավոր բացման համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը հանդես կգա նաև որպես դաշնակահար` Յ. Ս. Բախի ֆա մինոր դաշնամուրային կոնցերտի կատարմամբ:

Փառատոնի 2-րդ համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ֆրանսիայում ապրող և ստեղծագործող տաղանդաշատ ջութակահար և դիրիժոր Հայկ Դավթյանի շուրջ համախմբված «Նաիրի» լարային կվինտետը, անվանի մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանի հետ, հանդես կգան Հայող ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հատուկ ծրագրով:

Փառատոնի 3-րդ համերգին (նոյեմբերի 2, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) կներկայանա դաշնակահարուհի, բազմաթիվ միջազդային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանը (Բելգիա): Արտերկրում ուսումնառության և կատարելագործման երկար ճանապարհ անցած դաշնակահարը հայ հանդիսատեսի առջև հանդես կգա  յուրօրինակ «հաշվետվությամբ»` ներկայացնելով դաշնամուրային երկացանկի փայլուն և վիրտուոզ նմուշներից բաղկացած ծրագիր:

Փառատոնի 4-րդ համերգի ընթացքում (նոյեմբերի 5, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) հայ հանդիսատեսին կներկայացվի նոր երաժշտախմբի` Վերադարձի փառատոնի կվինտետի ստեղծագործական աշխատանքը: Տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող հայ և օտարազգի երաժիշտները միավորվել են Վերադարձի փառատոնի գաղափարի շուրջ` ստեղծելով Վերադարձ անունը կրող խումբ, որն առաջին անգամ կներկայանա հանդիսատեսին:

Փառատոնի եզրափակիչ համերգը (նոյեմբերի 7, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն) խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը: Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող «Տանգո Կարբոն» անսամբլը (Ֆրանսիա) կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, որն իրապես տոն կդառնա բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերներն աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը:

Մշակութային խոշոր միջոցառման իրականացմանը զուգընթաց, փառատոնը փորձելու է համայն աշխարհի հայության ուշադրությունը հրավիրել հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու և ստեղծելու սերունդների երազանքի իրականացմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]