Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Մասիսի Սբ Թադեոս նորաօծ եկեղեցին կառուցվել է ճարտարապետական հնարքով. Անահիտ Թարխանյան


ՄԱՍԻՍ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիս քաղաքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ օծվեց Վարդանյանների ընտանիքի բարերությամբ կառուցված Սուրբ Թադեոս եկեղեցին: Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

«Գրանդ հոլդինգի» սեփականատեր Միքայել Վարդանյանը նշեց, որ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքին և հարակից բնակավայրերին մոտ գործող եկեղեցի չկար: «Իմ հայրը` Հրանտ Վարդանյանը, իր հոգու պարտքն է համարել այս քաղաքում կառուցել եկեղեցի, և ես ու եղբայրս ավարտին հասցրեցինք նրա սկսած գործը: Մեր ընտանիքը չափազանց կարևորում է Հայ առաքելական եկեղեցու դերը մեր ժողովրդի հասարակական կյանքում, և ես կարծում եմ, որ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցին կնպաստի ինչպես Մասիսի, այնպես էլ հարակից համայնքների բնակիչների հոգևոր կյանքի աշխուժացմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց նա:

Մասիսում Սուրբ Թադեոս առաքյալի անունը կրող եկեղեցու հիմքերի օրհնությունը կատարվել էր դեռևս 1991 թվականին, սակայն տարբեր պատճառներով եկեղեցու շինարարությունը չէր սկսվել: 
«Եկեղեցին կառուցվել է մեծ եռանդով և բավական սեղմ ժամկետներում: Այս եկեղեցին իր կոմպոզիցիոն լուծումներով տարբերվում է մյուս եկեղեցիներից, ինչը բնորոշ է մեր բոլոր եկեղեցիներին: Եկեղեցում առկա է մի քանի ծավալական լուծումներ. ներքին տարածքը ձևավորված է երկու խաչվող քառակուսիներով, որոնք դեռևս մեր հնագույն պատմությունից խորհրդանշում են հավերժությունը և հավատքի մաքրությունը, ինչը մենք միշտ կարող ենք տեսնել մեր զարդաքանդակների վրա: Շինարարության ընթացքում հանքից բերված քարերը բազմերանգ էին, սակայն մենք Միքայել Վարդանյանի հետ գտանք լուծում և կարողացանք այդ հնարավոր բացասական  հատկությունը դարձնել այս շինության յուրովի հատկությունը. մենք համարակալեցինք այդ քարերը` երանգի համաձայն, և եթե դուք ուշադիր դիտեք  եկեղեցին, ապա կտեսնեք, որ կարծես այն տաշված է մի ամբողջ մեծ քարից»,-շեշտեց եկեղեցու ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, որ Սուրբ Թադեոս եկեղեցին ունի շատ յուրահատուկ ոճ և արտահայտում է յուրաքանչյուր հայի մեջ առկա հոգևոր արժեքները: «Ես վստահ եմ, որ Մասիս քաղաքի բնակիչների համար այսպիսի հոյակերտ եկեղեցին դառնալու է իրենց ամենասիրելի վայրերից մեկը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ մեզ բոլորիս համար հոգևոր արժեքները մշտապես եղել են ավելին, քան ցանկացած այլ երևույթ:

Իր հերթին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը և ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տպավորված լինելով եկեղեցու արտաքին տեսքից` այն բնութագրեցին իբրև հրաշալի կառույց: «Ես, որպես Հայ առաքելական եկեղեցու զավակ, շնորհակալ եմ Վարդանյանների ընտանիքին, իմ ընկերներ Միքայելին և Կարենին` նման հոյակերտ աղոթատեղի կառուցելու համար: Մեզ համար շքեղությունը այնքան էլ կարևոր չէ, կարևորը բովանդակությունն է, բայց սա այն դեպքն է, երբ կա և շքեղություն, և բովանդակություն` հայկական ճարտարապետության սկզբունքներին համապատասխան»,-պարզաբանեց Էդուարդ Շարմազանովը:

Եկեղեցու օծման արարողությանը ներկա ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիզաոր դեսպան Իվան Վոլինկինը նույնպես տպավորված էր եկեղեցու արտաքին տեսքով և ճարտարապետական լուծումներով: «Նախկինում Մասիսի բնակիչները երկար ճանապարհ էին անցնում` եկեղեցական կյանքին մասնակից լինելու համար և ուրախալի է, որ այս հրաշալի եկեղեցու կառուցմամբ` մասիսցիները այլևս ստիպված չեն լինի այցելել այլ վայրերում գտնվող եկեղեցիներ: Ինձ համար եկեղեցին սուրբ վայր է, ես մեծ հաճույքով այցելում եմ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական եկեղեցիներ: Այս եկեղեցին արված է հայկական ավանդական ոճով, բայց ունի իր ուրույն ոճը, ինչպես և մնացած հայկական եկեղեցիները»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում` ընդգծեց նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ