Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գյումրու և Կուրսկի միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների արձանագրություն

Գյումրու և Կուրսկի միջև ստորագրվեց համագործակցության մտադրությունների 
արձանագրություն

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու և Կուրսկի միջև համագործակցության նոր հեռանկարներ են բացվում: Հոկտեմբերի 2-ին ճանաչողական այցով Շիրակի մարզում էր  ՌԴ Կուրսկի նահանգի պատվիրակությունը՝ փոխնահանգապետ Լյուդմիլա Գրեբենկովայի գլխավարությամբ: Պատվիրակությանը Գյումրու մուտքի մոտ դիմավորելուց հետո հյուրերին ընդունեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ողջունելով նրանց, հույս հայտնեց, որ այս այցը պատվիրակության առաջին այցն է, բայց կունենա նաև շարունակություն:

«Հայ-ռուսական բարեկամությունը դարերի պատմություն ունի, իսկ Գյումրին այն քաղաքն է, որտեղ շատ են ռուսական հետքերը՝ ոչ միայն այստեղ տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի առկայությամբ, այլև այն բոլոր պատմական հուշարձանների շնորհիվ, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում:  Ռուս ցարի կողմից,  որպես բերդ 19-րդ դարում կառուցված այս քաղաքը, այսօր էլ իր վրա կրում  ու պահպանում է այդ հետքերը»,-նշեց մարզպետը` ներկայացնելով մարզի տնտեսական, սոցիալական իրավիճակը, պատմական ընթացքը, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառած վնասներն ու այսօր արդեն հանրապետության երկրորդ քաղաքի վերականգնման ընթացքը: Մարզպետը նաև հույս հայտնեց՝ Շիրակի մարզի ու Կուրսկի նահանգի միջև համագործակցության հիմքերի զարգացման համար բոլոր նախադրյալները կան:

Այն, որ  կապերի խորացման համար բոլոր հիմքերը կան ու մնում է միայն այն զարգացնել՝ իր խոսքում նշեց նաև Կուրսկի փոխնահանագապետ Լյուդմիլա Գրեբենկովան: «Հաճելի է լսել, որ  մեր երկու ազգերը շատ ամուր կապով են կապված միմյանց հետ, և ինչպես ռուսներն են շատ բան արել հայերի  համար, այնպես էլ հայերը՝ Ռուսաստանի: Այն, ինչ հայ ազգը, մյուս ազգերի հետ միասին, արեց Համաշխարհային պատերազմի տարիներին՝ անմոռանալի է: Այսօր ևս Կուրսկում հայ համայնքն  ամենամեծ համայնքն է. պաշտոնական տվյալներով 13 հազար հայ է աշխատում Կուրսկում՝ ակտիվ գործունեություն ծավալելով ոչ միայն տնտեսության, գյուղատնտեսության, կրթության ու մշակույթի մեջ, այլ նաև բարեգործական ծրագրերով՝ հայ համայնքը բարեգործությամբ է զբաղվում նաև  Կուրսկում»,-նշեց փոխնահանգապետը:

Պատվիրակության հաջորդ կանգառը Գյումրու քաղաքապետարանն էր, որտեղ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Կուրսկի քաղաքագլուխ Օլգա Գերմանովան ստորագրեցին արձանագրություն՝ Գյումրի և Կուրսկ քաղաքների միջև համագործակցության մտադրության մասին: Արձանագրությամբ վավերացվեցին այն ոլորտները, որտեղ կիրականացվեն փոխհամագործակցություն ծրագրեր:

Մշակույթի ու սպորտի ոլորտներից բացի, համագործակցության ծրագրեր են նախատեսվում առևտրի, տնտեսության, կրթության և սոցիալական ոլորտներում: Որպես համագործակցության   շարունակության ապացույց՝ Կուրսկի քաղաքապետը Գյումրու քաղաքպետարանի պատվիրակությանը հրավիրեց հաջորդ տարի հուլիսին  մասնակցելու Կուրսկում կայանալիք Կուրսկի հայտնի տոնավաճառին, որի ժամանակ էլ կկնքվի փոխգործակցության համաձայնագիրը: «Սա առաջին քայլն է մեր երկու քաղաքների համագործակցության, արդեն իսկ մենք նախատեսել  ենք համագործակցության որոշ ծրագրեր: Անչափ կարևորում եմ այս համագործակցությունը,  քանի որ մեզ համար շատ թանկ է հայերի բարեկամությունը: Մենք տեսել ենք, թե ինչ նվիրվածությամբ են հայերն իրենց գործունեությունը ծավալում մեզ մոտ և, բարձր գնահատելով դա, հուսով ենք, որ այդ համագործակցությունը կարող ենք և պետք է խորացնենք»,-իր խոսքում նշեց Կուրսկի քաղաքապետ Օլգա Գերմանովան:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]