Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ավագ սերնդից ժառանգված տեխնոլոգիական Հայաստանը վերականգնվում է. ՏՏ տոնն սկսված է

Ավագ սերնդից ժառանգված տեխնոլոգիական Հայաստանը վերականգնվում է. ՏՏ տոնն սկսված է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի հայ ու արտասահմանյան 170 ընկերություններ իրենց արտադրանքը ներկայացնում են «Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող «ԴիջիԹեք 2015» միջազգային ցուցահանդեսին: Արդեն 11-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսի բացման արարարողության ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վերահաստատեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, և որ այն մեր տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ աճող ուղղություններից է: «Մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում ենք ոչ միայն որպես ինքնուրույն ճյուղ, որը պետք է զարգանա հընթացս համաշխահային զարգացումներին, այլ ճյուղ, որը կարող է օգնել այլ ոլորտներին` որակյալ ծառայություններ մատուցելով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` 2005 թվականից անցկացվող ԴիջիԹեք ցուցահանդեսի աճը տեսանելի է տարիների ընթացքում: «ԴիջիԹեքը միջավայր է, ուր կարող եք տեսնել հայկական ընկերությունների նվաճումները, վայր է, ուր տեխնոլոգիական ընկերությունները հանդիպում են իրար, լրագրողներին, ուր հնարավոր է շփվել պոտենցիալ աշխատուժի հետ»,-նշեց Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով` այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն է առաջանում ոչ միայն մեր հասարակության շրջանում, այլև արտասահմանյան գործընկերների: «Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ ընկերություններ արտասահմանյան կապիտալով, կարող եք տեսնել խոշոր համբավ ունեցող ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում»,-ավելացրեց փոխվարչապետը: 

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն էլ փաստեց, որ ունեն հայկական ընկերությունների աննախադեպ մասնակցություն, ինչը վկայում է ոլորտի համախմբվածության մասին: «Այս ցուցահանդեսն իրականանցում ենք տարբեր թիրախային խմբերի համար: Մենք անում ենք երեխաների համար, որ իրենք տեսնեն իրենց ապագան, ներկայի սերնդի համար, ում ուզում ենք հորդորել, որ օգտագործեն տեխնոլոգիական լուծումները` հեշտացնելով իրենց կյանքը: Մենք այս ցուցահանդեսն իրականացնում ենք ավագ սերնդի համար, ովքեր մեզ թողել են տեխնոլոգիական երկիր: Նրանք տեսնեն, որ իրենց արածը հենց այնպես չի կորում և տեխնոլոգիական Հայաստանը վերականգվում է»,-շեշտեց Կարեն Վարդանյանը:

Բացման հանդիսավոր արարողությունը կատարվեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, ում ուղեկցությամբ նախարարները շրջեցին տաղավարներում, ծանոթացան ընկերությունների առաջարկություններին: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենաշատը հավանել է հայկական «Զանգի» ընկերության արտադրանքը, և հասցրել է ներբեռնել ծրագիրն իր հեռախոսի մեջ:

Ցուցահանդեսն իրոք տոնական է, ընկերությունները ջանք չեն խնայել այցելուներին դեպի իրենց տաղավար հրավիրելու համար: Անգամ դհոլ, զուռնայի հնչյուններ են տարածվում «Արմենիա էքսպո» ցուցահանդեսային սրահում: Մեկ այլ հատվածում դպրոցականներ են, ովքեր փորձարկում են իրենց ստեղծած խաղերն ու ռոբոտները: 

ԴիջիԹեք 2015-ն անցկացվում է հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Միջոցառումն անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Միջոցառման պլատինե հովանավորը «Յուքոմ» ընկերությունն է: Եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ են միավորվել 170 ընկերություն 10 երկրից, ակնկալվում է 40 հազարից ավելի այցելու:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]