1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Բուխարեստում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցը մեկնարկել է նախարար Հրանուշ Հակոբյանի և Ռումինիայի կառավարության կրոնից հարցերով պետքարտուղար Վիկտոր Օպասկիի հանդիպումով: Հանդիպմանը քննարկվել են Ռումինիայի հայ համայնքին, մասնավորապես, Ռումինիայում հայ եկեղեցու դարավոր գործունեությանն առնչվող հարցեր: Նախարար Հակոբյանը ներկայացրել է Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա ընթացքը և ծրագրերը: Ռումինիայի կրոնից հարցերով պետքարտուղարը, ընդգծելով ռումինահայ համայնքի առանձնահատուկ ներդրումը Ռումինիայի զարգացման գործում, ներկայացրել է կրոնական փոքրամասնություններին, մասնավորապես, Ռումինիայի Հայոց թեմին հատկացվող պետական աջակցության ծրագրերը և համատեղ միջոցառումները: Քննարկվել են ընթացիկ տարվա նոյեմբերին Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ Հրեշտակապետաց եկեղեցու 100-ամյա տարելիցին նվիրված հանդիսավոր միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա երկրորդ կեսին նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Ռումինահայոց կենտրոն՝ Բուխարեստի Առաջնորդանիստ մայր տաճար, Ռումինիայի հայոց միության վարչություն, «Արարատ» հրատարակչություն և տպարան, մեկօրյա դպրոց, Հայոց մշակութային Դուդյան կենտրոնում տեղակայված թանգարան և գրադարան, որտեղ Ռումինիայի հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի  նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում ռումինահայ համայնքի հետ: Նախարարը ներկայացրել է Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական ուղղություններն ու ծրագրերը, արդի մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումները և ընթացիկ արդյունքները, ունկնդրել և պատասխանել է ռումինահայ համայնքին հուզող հարցերի:

Հաջորդ օրն առավոտյան` սեպտեմբերի 30-ին, նախարար Հրանուշ Հակոբյանը Ռումինիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ազգային փոքրամասնությունների խմբի հետ, որը տարիներ ի վեր ղեկավարում է հայ փոքրամասնության ներկայացուցիչ Վարուժան Փամբուկչյանը: Հանդիպմանը ներկա են եղել հույն, հրեա, գերմանացի և այլ ազգային փոքրամասնություններ ներկայացնող պատգամավորները, որոնք ներկայացրել են Ռումինիայում ազգային փոքրամասնությունների կարգավիճակն ու իրավունքները: Սփյուռքի նախարարը երախտագիտություն է հայտնել, մասնավորապես, հույն, հրեա և գնչու փոքրամասնություններին Հայոց ցեղասպանության հարցում ռումինահայերին սատար կանգնելու համար` հույս հայտնելով, որ Ռումինիայում այս հարցը հետագա զարգացում կունենա:

Սփյուռքի նախարարը պատվո հյուրի կարգավիճակով ներկա է գտնվել Ռումինիայի խորհրդարանի լիագումար նիստին:

Այնուհետև, նախարար Հակոբյանը Բուխարեստի Կարոլ Առաջինի անվան համալսարանական կենտրոնական գրադարանի Մայր սրահում մասնակցել է Ռումինիայի Հայոց միության վերաբացման 25-ամյակի հանդիսավոր նիստին, որին ներկա են եղել Ռումինիայի Սենատի նախագահ Կալին Պոպեսկու Տարիչեանուն, վարչապետ Վիկտոր Պոնտան, Ռումինիայի նախագահի ներկայացուցիչ Սերջիու Նիստորը, նախկին վարչապետ և ԱԳ նախարար Պետրե Ռոմանը, Ռումինիայի Հայոց Միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, և Ռումինիայի խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը, Ռումինիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հյուրեր:

ՌՀՄ 25-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը. «Հայերի և ռումինական հողի վրա ապրող բնակիչների միջև հարաբերությունների հնությունն այսօր համակեցության կամուրջ է և փոխկապակցում է մշակութային արժեքները, արվեստը և ձգտումները: Պատմությունը մեզ չի խնայել, հաճախ դնելով այնպիսի իրավիճակների առաջ, որ մեր միակ հույսը մնացել է հավատքն ու միասնությունը: Սրանք հիմնարար արժեքներ են, երբ այսօր, տոնելով 1990թ. հետո Ռումինահայոց միության վերաբացումը, վերհիշում ենք 20-րդ դարի սկզբի հայ համայնքների կյանքի դրամատիկ պահերը»,- ասվում է նախագահական ուղերձի մեջ: Վարչապետ Պոնտան ողջույնի իր ելույթում զորակցություն է հայտնել հայ համայնքին և ռումինահայ մշակութային ժառանգության ծրագրերին: Սենատի նախագահ Տարիչեանուն իր ելույթում խոսելով Ռումինիայի Հայոց միության 25- ամյակի մասին, այն կապել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի զգայուն տարվա հետ:

Իր ողջույնի խոսքում նախարար Հակոբյանը երախտագիտություն է հայտնել Ռումինիայի ժողովրդին և իշխանություններին, հատկապես Հայոց ցեղասպանությունից հետո Ռումինիայում ապաստանած տասնյակ հազարավոր հայերի համար ապրելու, կրթվելու ու արարելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Երախտագիտության իմ խոսքն եմ ցանկանում հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսին, ով առաջինն էր Ռումինիայի նախագահներից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր համերաշխությունը հայտնեց հայ ժողովրդին` հայտարարելով. «1915թ. ողբերգական իրադարձություներից մեկ դար անց իմ խոնարհումն եմ բերում հայ ժողովրդի զոհերին և նրանց, ովքեր անցյալ դարի սկզբից տասնամյակներով դիմադրել են պատմական աղետներին և դժվար փորձություններին: Հարյուրհազարավոր անմեղ հայեր զոհվեցին այդ սարսափելի հանցագործության ժամանակ, որն ստվերում է մարդկությունը և որը մեզ մղում է այսօր ճանաչման և հաշտեցման: Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարևոր և անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը և այլատյացությունը արմատախիլ անելու համար»,- Ռումինիայի նախագահի խոսքը մեջբերեց նախարար Հակոբյանը և ավելացրեց. «Հուսով ենք, որ այդ կոչն անարձագանք չի մնա, և Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը կտեղափոխվի նոր փուլ, և հետագայում մենք ականատեսը կլինենք ճանաչման և դատապարտման նոր զարգացումների»:

Միջոցառման ընթացքում նախարար Հակոբյանը Ռումինիայի Խորհրդարանի Ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանին է հանձնել ՀՀ նախագահի կողմից շնորհված Երախտագիտության մեդալը, որին վերջինս արժանացել էր Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Նույն օրը կեսօրից հետո նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Ռումինիայի Սփյուռքի ռումինների հարցերով նախարար Անջել Տըլվարի հետ, որի ընթացքում փոխադարձաբար ներկայացվել են իրենց ղեկավարած գերատեսչությունների հիմնական գործառույթները, քաղաքականությունը, ծրագրերն ու Սփյուռքի հետ աշխատանքի հիմնական սկզբունքները: Ռումին նախարարը, բարձր գնահատելով հայկական սփյուռքում հայապահպանության, հայկական համայնքների ինքնության և մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ իրականացվող ծրագրերը և այդ ոլորտում ՀՀ Սփյուռքի նախարարության կուտակած փորձը, ցանկություն է հայտնել երկու գերատեսչությունների միջև շարունակելու կապերը և խորհրդակցությունները: Այս առումով մտքեր են փոխանակվել տարբեր երկրներում հայ և ռումինական սփյուռքի կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության հեռանկարների շուրջ՝ առանցքում ունենալով հայկական տարբեր համայնքներում բնակվող ռումինահայերին:

Նույն օրը երեկոյան նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հայաստանի անկախության տարեդարձին և ՌՀՄ 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, նախագահի ներկայացուցիչը, դիվանագիտական կորպուսի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները:

Հոկտեմբերի 1-ին նախարար Հակոբյանը հարցազրույց է տվել ռումինական Հանրային հեռուստատեսությանը, այցելել է ՀՀ դեսպանություն, արվեստի նշանավոր մեկենաս Գրիգոր Զամբաքչյանի հավաքածուների թանգարան, այնուհետև Հայոց Առաջնորդարան, ուր զրույց է ունեցել Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հետ:

Այցի ողջ ընթացքում նախարար Հակոբյանին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]