Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյումրու տուն-ինտերնատում նշեցին Տարեցների միջազգային օրը

Գյումրու տուն-ինտերնատում նշեցին Տարեցների միջազգային օրը

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Տարեցների միջազգային օրը նշվեց Գյումրու տուն-ինտերնատում: Գյումրու տուն-ինտերնատը հիմնադրվել է 1949 թվականին և նախատեսված է միայնակ ծերերի և  հաշմանդամություն ունեցող անձանց համար: Ըստ տվյալների՝ Գումրիում բնակվող 600 ծերերից 155-ն այս պահին  օթևանում է տուն-ինտերնատում:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրեց տուն-ինտերնատի տնօրեն Ներսես Մարգարյանը, թեև տուն-ինտերնատն ապահովում է հաշմանդամություն ունեցող անձանց և  տարեցների խնամքը` սոցիալական-կենցաղային, բժշկական, հոգեբանական և այլ ծառայություններ, սակայն, ցանկացած խնամվողի համար ամենալավ տունն իր հարազատի օջախն է, այդ իսկ պատճառով հարազատների հետ տարվում են հատուկ բացատրական աշխատանքներ՝ իրենց հարազատին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ: «Այստեղ հանգրվանած ծերերի համար ամենակարևոր խնդիրը հարազատների այցն է. սրա պակասն է, որ նրանք ունեն, և իրենց լիաժեք զգալու համար միայն հարազատի հետ շփումն է պակասում»,- նշեց տուն-ինտերնատի տնօրենը:

 Տուն-ինտերնատում իրենից հեռու՝ ՌԴ-ում գտնվող աղջկա բացակայությունն  է փորձում փարատել ամենատարեց տատիկ՝ 92 ամյա Լյուբով Սարգիսովան, ում համար կյանքը բավական դաժան է գտնվել՝ Ցեղասպանությունից փրկված մոր պատմությունը, երիտասարդ հասակում ամուսնու ռազմաճակատ մեկնելն ու անհետ կորած ճանաչվելը, ապա նաև Բաքվի տեղահանությունը, ուր  տիկին Լյուբովը մեկնել էր աշխատելու: Բայց տատիկը չի սիրում պահանջել ու դժգոհել: Երկարակեցության իր  գաղտնիքը բացահայտելով «Արմենպրես»-ի հետ զրույցում` տատիկը  վստահեցրեց՝  չպետք է դժգոհել, ուրիշի վատը ցանկանալ, այլ պետք է  ուրախանալ Աստծո տված ամեն օրվա համար:

Օրվա առթիվ, հոկտեմբերի 1-ին, տարեցներին անձամբ շնորհավորելու համար տուն-ինտերնատ էին այցելել քաղաքապետարանի  բաժինների պետերը և անձամբ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով, շնորհավորելով տարեցներին, նրանց առողջություն ու հաջողություն մաղթեց: Օրվա խորհրդով պայմանավորված` տուն-ինտերնատը ստացավ նվերներ՝ Գյումրու քաղաքապետից և Շիրակի մարզպետից: Տոնի առթիվ ծերերի համար կազմակերպվել էր նաև հյուրասիրություն և ուրախ համերգ՝ Գյումրու «Ժողգործիքների պետական համույթ»-ի կողմից:

Տարեցների միջազգային օրն իր պաշտոնական ձևակերպումը ստացել է 1990 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ արդեն 1991 թվականի հոկտեմբերի 1-ից ամբողջ աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես «Տարեցների միջազգային օր»:

 Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]