Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Սյունիքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Հարություն Զաքարյանը ճանաչել է իրեն մարմանական վնասվածք պատճառողին


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած Հարություն Զաքարյանն առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ Յուրի Մանուչարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

«Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու, եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը գրություն էր ուղարկել գործով հսկողություն իրականացնող դատախազին՝ միջնորդելով քննարկել  գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը:

Քննիչը  հիմնավորել է, որ  քրեական գործի քննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ իրենց համակցության մեջ բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում չի հաստատվել Տիգրան Խաչատրյանի կողմից Հարություն Զաքարյանին դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքը, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, քանի որ Յուրի Մանուչարյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ ինքն է հարվածել Հարություն Զաքարյանի աչքին և պատճառել ծանր մարմնական վնասվածք: Վերոգրյալը հաստատել են նաև Մանվել Մալինցյանը, Սուրիկ Բաղդասարյանը և Վլադիկ Ստեփանյանը: Հարություն Զաքարյանն էլ իր հերթին Յուրի Մանուչարյանի հետ առերեսման ժամանակ ընդունել է այն փաստը, որ իրեն հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել ոչ թե Տիգրան Խաչատրյանը, այլ Յուրի Մանուչարյանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն, հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, իսկ մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ուստի վերոգրյալ պայմաններում Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նկատի ունենլով, որ մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն կարող է վերացվել միայն դատախազի կողմից, ուստի, քննիչը միջնորդել է՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը քննարկելու համար:

Գործով հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական գործում առկա փաստական տվյալները, բավարարել է քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը  վերացնել՝  դրա անհրաժեշտությունը վերանալու պատճառով:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ